Քանի տարի է, որ ԹՀԹ Թեմական խորհուրդը նպատակա-դրել է «վերադասավորման» պլան իրականացնել ազգային կառույցներում, ընդ որում առաջինը դպրոցներում: Այդ պլանը իրականացվում է մի քանի փուլերում՝ փակումից սկսած մինչեւ երկուսը մեկի վերածելն ու ապագայում էլ մի քանիսի «միատեղելը մեկ համալիրում»:
Արդեն փակվել են «Քուշեշ Մարիամյան», «Վաչե Հովսեփյան», «Քու-շեշ Դավթյան» եւ «Ալիշան» դպրոցները, հիմնահատակ քանդվել են «Թունյան» աղջ. տարրական եւ ուղեցույց դպրոցները, որոնցից առաջինը տեղափոխվել է «Նաիրի» դպրոցի շենք, իսկ երկրորդը՝ «Թովմասյան»: Ու դեռ նախատեսվում է մոտ ապագայում «Ռոստոմ» աղջ. դպրոցը տեղափոխել «Արաքս» դպրոցի շենք, նույն ժամանակ «Սահակյան» ոչ-շահադիտական դպրոցը՝ «Ռոստոմ», իսկ «Սահակյան» դպրոցի շենքը, ըստ երեւույթի, «օգտագործվելու է շահավետ ինչ-որ աշխատանքի համար»:
Վերոհիշյալ պլանը թռուցիկ հայացքով «պարզ եւ տրամաբանական» է երեւում, սակայն իրականում դա այդպես չէ.
Դպրոցները նախ աշակերտությունից դատարկվում են, ապա վաճառքի հանվում կամ հիմնաքանդ արվում
իսկ երբ բացատրություն ես պահանջում, թե այս բոլորը ինչո՞ւ: Պատասխանում են՝ չեմ տեսել, չեմ լսել, չգիտեմ
Թեմական խորհրդի կողմից «Ռոստոմ» աղջ. դպրոցի փակելու որոշումը վերջերս մեծ դժգոհանք ստեղծեց «Բահար» թաղամասի հայության, դպրոցի Ծնողական խորհուրդի եւ ուսուցչական կազմի մոտ, (տես. «Արաքս», թիվ 198), ինչն այդ խորհրդին պարտադրեց հարցը տանել Պատգամավորական ժողով:
Պատգամավորականը իր հունիսի 1-ի նիստում, քննարկումից հետո, քվեարկության դրեց «Ռոստոմ» աղջ. դպրոցը «Արաքս» դպրոցի հետ միատեղելու եւ «Սահակյան» ոչ-շահադիտական դպրոցը «Ռոստոմ» աղջ. դպրոցի շենք տեղափոխելու նախագծերը, որոնք հաստատեց 26 կողմ, 6 դեմ եւ 4 ձեռնպահ ձայներով, (18 պատգամավոր բացակա էին), իհարկե, ներքոհիշյալ երեք նախապայմաններով, որոնք պիտի իրականացնի Թեմական խորհուրդը.
«ա- Նկատի ունենալով «Ռոստոմ» աղջ. դպրոցի ծնողների մոտ առաջացած դժգոհությունները հարկ է բավարար տեղեկատվություն կատարելով եւ գոյություն ունեցող մտահոգությունները նրանց հետ կիսելով՝ փարատել առաջացած զգայնությունները եւ շահել հանրության եւ ծնողների կարծիքը:
բ- «Սահակյան» ոչ-շահադիտական դպրոցի «Ռոստոմ» աղջ. դպրոց տեղափոխելու արտոնությունը ստանալուց հետո միայն ձեռնարկել «Ռոստոմ» աղջ. դպրոցը «Արաքս» դպրոցի հետ միատեղելու քայլը:
գ- Ելնելով ԻԻՀ Ուսումնադաստիարակչության նախարարության կողմից կատարված հայտարարություններից դպրոցական 12-ամյա շրջանը երեք օղակից երկու օղակի վերածելու վերաբերյալ, նկատի ունենալով, որ դրա իրագործումը կարող է խախտել սույն ծրագրում կատարված հաշվարկումները, ուստի՝ հարկ է նախեւառաջ ձեռք բերել հստակ տեղեկություններ՝ նախարարության ապագա ծրագրերի վերաբերյալ»:
Փաստորեն, այսօրվա դրությամբ ՊԺ-ն հաստատել է մի նախագիծ, որի հետ առնչվում են բավական չլուծված հարցեր, որոնց մի մասն արդեն, որպես նախապայման, կըցվել են որոշմանը՝ ժողովրդի համաձայնության ձեռքբերումը, Ուսումնադաստիարակչության շրջանային բաժանումների մեկ շրջանից մյուսը դպրոցի տեղափոխելու արտոնության ձեռք բերումը, Ուսումնադաստիարակչության նախարարության ծրագրերի վերաբերյալ անտեղյակությունը եւ այլն:
Ցավալին այն է, որ այս անտեղյակությունը տարածվում է ոչ միայն ՊԺ-ի, այլ նաեւ Թեմական եւ Կրթական խորհուրդների վրա. փաստը՝ «Թունյան» դպրոցը հիմնաքանդ եղավ երբ դեռ հստակորեն հայտնի չէր նրա կալվածագրերի պարագան, արդյունքում՝ արդեն երորրդ տարին է ինչ այդ փառավոր դպրոցը հավասարվել է հողի հետ ու հակառակ խոստումների ոչ մի տեղաշարժ չկա նրա կառուցման գործում:
Մյուս կողմից տարիների ուսցչական վաստակ ունեցող Կրթական խորհրդի ատենապետ Հրայր Շահնազարյանը առաջ է քաշում ոչ-տրամաբանական մի տեսակետ: Ըստ նրա՝ «երբ «Արաքս» դպրոցի հետ միատեղվի «Ռոստոմ»-ը, կավելանա աշակերտների թիվը, ինչի հետեւանքով էլ մրցակցություն կստեղծի աշակերտների միջեւ եւ ինքնաբերաբար, կբարձրանա նրանց կրթամակարդակը»: Երբ գիտական հետազոտությունները ապացուցում են, որ 12-15 աշակերտ ունեցող դասարանը լավագույնն է, նամանավանդ տարրական օղակում, խնդրո առարկա դեպքում ոչ միայն չի բարձրանալու «Ռոստոմ» դպրոցի կրթամակարդակը, այլ իջնելու է նաեւ «Արաքս» դպրոցի մակարդակը, իսկ Հ. Շահնազարյանը ուզում է փաստել ճիշտ հակառակը: Նա ասում է. «Անցյալում, 40 աշակերտ ունեցող դասարաններում, բավականին մրցակցություն գոյություն ուներ եւ արդյունավետ ձեւ էր»:
Վերջերս «Ռոստոմ» աղջ. դպրոցում, աշակերտության ծնողների հետ կայացած երկու հանդիպներում, նաեւ նույնն էր վիճակը՝ ո՛չ առաջինում, ո՛չ էլ երկրորդում մասնագիտական որեւէ միտք չհնչեց, իսկ ներկաների կարեւոր հարցումներին կամ չպատասխանեցին, կամ ասացին տեղյակ չեն, կամ էլ խոստացան, որ «հետո» կպատասխանեն:
Եզրակացնենք.
Մեր դպրոցները, ոչ միայն դպրոց են, այլեւ ազգային օջախ, որոնց ներկայությունը թաղամասերում հույսի աղբյուր է եւ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ կարեւոր օղակ: Ուստիեւ ամենաարժանին սուբսիդավորելու համար: Այնտեղ է պատրաստվում ապագայի սերունդը, դաստիարակը, վարիչը՝ Հայ մարդը: Ուրեմն պիտի ի գործ դնել կարելին՝ նրանց պահպանելու եւ ավելի որակավորելու համար:
Ազգն ու համայնքը պահպանելու համար նախեւառաջ պետք է պահպանել Հայկական դպրոցները:
«ԱՐԱՔՍ» թիվ 199
http://araxmag.blogspot.com/
Sunday, June 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment