Monday, June 14, 2010

Էլի Լեյք. «Հրեական լոբբին կարող է աջակցել ԱՄՆ–ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը»

«Ազատություն» 13-6-2010- Ազգային անվտանգության հարցերով Washington Times թերթի վերլուծաբան Էլի Լեյքը չի բացառում, որ թուրք–իսրայելական հարաբերությունների վատթարացումը կարող է ստիպել ազդեցիկ հրեական լոբբիին՝ աջակցել ԱՄՆ–ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը։ «Դեռ 2008 թվականից խոշորագույն ամերիկյան–հրեական կազմակերպությունները որոշեցին, որ այլեւս չեն հարկադրի Կոնգրեսին կասեցնել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւերի ընդունումը, եւ արդեն այն ժամանակ դա արտացոլում էր Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վատթարացումը», - «Ազատություն» ռադիոկայանի տնօրեն Հրայր Թամրազյանին տված բացառիկ հարցազրույցում կարծիք հայտնեց վերլուծաբանը՝ ընդգծելով, որ իրավիճակն ավելի սրվեց «Ազատության նավատորմիղի» միջադեպից հետո։ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ այդ հերթական դիվանագիտական սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ Իսրայելի ռազմածովային ուժերի գրոհի արդյունքում զոհվեցին Թուրքիայից Գազայի հատված ուղեւորվող նավերի շարասյան 9 պաղեստինամետ ակտիվիստները՝ հիմնականում Թուրքիայի քաղաքացիներ։ Թուրքիան պնդում է, որ «Ազատության նավատորմիղ» անվանումը կրող շարասյունը մարդասիրական օգնություն էր տեղափոխում, մինչդեռ Իսրայելը վստահեցնում է, որ 6 նավերով Գազայի հատված ուղեւորվող շուրջ 700 ակտիվիստները նաեւ զենք են կրել։ Վերլուծաբանը նշում է, որ անցած երկու տասնամյակներում Իսրայելի եւ Թուրքիայի՝ ռազմավարական համարվող համագործակցությունը Անկարայի համար ապահովել էր Ամերիկայի հրեական համայնքի աջակցությունը Վաշինգտոնում։ «Այժմ այդ աջակցությունը ավարտվել է եւ որպեսզի ամերիկյան–հրեական կազմակերպությունները կրկին Վաշինգտոնում օժանդակեն թուրքերին, նախ եւ առաջ անհրաժեշտ է, որ կարգավորվեն Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները», – կարծում է Էլի Լեյքը։ Անցած շաբաթ Washington Times–ում հրապարակված հոդվածում Էլի Լեյքը ուշագրավ մանրամասներ էր ներկայացրել այն մասին, թե ինչպես հրեական լոբբիի օժանդակությամբ Թուրքիային հաջողվել է խոչընդոտել Սփյուռքի հայկական կազմակերպությունների մեծ ջանքերի գնով Կոնգրեսում ներկայացված մի շարք հայանպաստ բանաձեւեր, ինչպես նաեւ առաջ մղել թուրք–ադրբեջանական շահերին ծառայող օրենսդրական նախաձեռնություններ։ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հերթական բանաձեւը գարնանը հավանության արժանացավ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ կարող է առաջիկայում քվեարկության դրվել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք հրեական լոբբին չի խոչընդոտի բանաձեւի անցկացումը՝ ինչպես նախկինում, Washington Times–ի ազգային անվտանգության հարցերով վերլուծաբանը պատասխանեց. – «Վստահաբար կարելի է ասել, որ հրեական լոբբին խոչընդոտներ չի հարուցի։ Հնարավոր է, որ որոշ հրեական լոբբիստական խմբեր անգամ աջակցեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը, որովհետեւ նմանություններ կան 1939–45 թվականներին հրեաների Ողջակիզման եւ հայ ժողովրդի հետ 1915 թվականին տեղի ունեցածի միջեւ, այնպես որ, հրեական կազմակերպությունները կարող են աջակցել այդ բանաձեւին՝ փոխելով իրենց նախկին դիրքորոշումը»։ Այդուամենայնիվ, Էլի Լեյքը կարծում է, որ նույնիսկ Հրեական լոբբիի աջակցության պարագայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը Կոնգրեսում հավանության չի արժանանա։ «Կարող եմ ասել, որ կան ուժեր, որոնք ձգտում են այնպես անել, որ Կոնգրեսում այդպիսի բանաձեւ չընդունվի, եւ դրա հետեւում հիմնականում ԱՄՆ–ի պաշտպանության նախարարությունն է, որը շարունակում է Թուրքիային համարել կարեւոր գործընկեր ՆԱՏՕ–ում», – նշեց ազգային անվտանգության հարցերով Washington Times թերթի վերլուծաբան Էլի Լեյքը։

No comments: