Monday, June 7, 2010

Անթալիա, թե՞ Սևան. Խոսում են ազգային արժանապատվության մասին

Aysor.am. 7-6-2010- «Հայերը Թուրքիա չպետք է գնան հանգստանալու»,- կարծես այս կարգախոսով էր այսօր մամուլի ասուլիսի ժամանել ՀՀԿ ներկայացուցիչ Մենուա Հարությունյանը: Ըստ նրա բերած տվյալների` ամեն տարի 30 հազար հայ իր սեզոնային հանգիստն անցկացնում է Թուրքիայում: «Մենք պետք է հասկանանք, որ այնտեղ մեր ծախսած գումարներով Թուրքիան ռազմական օգնություն է տրամադրում և զինում է ադրբեջանական բանակը: Հետո այդ գումարները գալիս են հենց մեր դեմ»,- ասաց Մ. Հարությունյանը: Փոխարենը` ՀՀԿ-ական գործիչը խորհուրդ է տալիս հանգստանալ Հայաստանի հանգստյան գոտիներում կամ Վրաստանում, Սոչիում, Եվրոպական որևէ այլ երկրում: Հիմնավորելով իր ասածը` Հարությունյանը նշեց, որ Թուրքիայում 3-4 աստղանի հյուրանոցում հանգստանալով` հայ մարդը չունի ապահովության ոչ մի երաշխիք, քանի որ այնտեղ չկան հայկական հյուպատոսարան կամ Հայաստանի դեսպանատուն: Նա միևնույն ժամանակ նշեց. «Այս հարցն, ի վերջո, ազգային ինքնասիրության հարց է և չպետք է մեր փողերով պահենք ադրբեջանական բանակը»: Սակայն նրան հակառակվեցին հրապարակախոս Համբարձում Համբարձումյանն ու ՀԱԿ ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը: «Արժանապատվության հարց չկա: Ողջ տոնավաճառը Սադախլուի ապրանքներ են, հայերը համատարած հագնում են թուրքական ջինսեր և դա բնավ չի նշանակում, որ արժանապատիվ չեն, ուղղակի իրենց գրպանի հնարավորության սահմաններում են գնումներ անում: Սպառողն ինքն է ընտրում` ուր գնա հանգստանալու»,- հակառակվեց հրապարակախոս Համբարձում Համբարձումյանը: Նմանատիպ կարծիք ուներ նաև ՀԱԿ ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը. «Մեր ամբողջ շուկան ողողված է թուրքական ապրանքներով` սկսած սննդից, մինչև ամենատարրական կենցաղային ապրանքներ: Մենք չենք անհանգստանում, որ Պոլսյան անառականոցներում հայ կանայք ինչ են անում, և անհանգստանում ենք, թե ինչու են հայերը գնում Թուրքիա` հանգստանալու»: Մանուկ Սուքիասյանի խոսքերով, Սևանում մարդիկ «թալանվում» են հանգստանալիս և մի անգամ այցելելով` չեն ցանականում այլևս գնալ այնտեղ: «Կեղծ ժամավաճառություն է. Տիկին Գյուլի սարքած քաբաբները ուտելով` չգիտես ինչու, 5 տարի հետո նոր հասկանում եք, որ Թուրքիան տուրիստների փողերով հզորանում, կայանում է և չի կարելի գնալ Անթալիա հանգստանալու»,- ասուլիսի ամենաթեժ պահին ասաց Մանուկ Սուքիասյանը:

No comments: