Monday, June 7, 2010

ՍԱՐԳՍՅԱՆԻՑ ՀԵՐՔՈ՞ՒՄ ԵՆ ՈՒԶԵԼ

«Լրագիր» 7-6-2010- Հայ-ռուսական հարաբերության վերաբերյալ համաժողովները կամ քննարկումները այն իրողությունները չեն, որոնք զարմանք առաջացնեն, բայց նախորդ շաբաթվա վերջին Երեւանում տեղի ունեցավ մի միջոցառում, որն ուշագրավ է` նկատի ունենալով մի քանի պարագա: Խոսքը Երեւանում կազմակերպված Կլոր սեղանի մասին է, որի նպատակը հայ-ռուսական գործակցության խնդիրներն ու հեռանկարները քննարկելն էր: Այդ Կլոր սեղանի պաշտոնական կազմակերպիչներն էին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Ընդ որում, կուսակցությունները, հատկապես ԲՀԿ-ն, փաստորեն այնքան կարեւորություն էին տվել այդ Կլոր սեղանին, որ ներկայացել էին կուսակցական բավական բարձր մակարդակով: Մասնավորապես, ԲՀԿ-ն օրինակ ներկայացել էր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մակարդակով` որը նաեւ ելույթ էր ունեցել Կլո սեղանին, իսկ ՀՀԿ-ն ներկայացել էր կուսակցության փոխնախագահ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մակարդակով` կրկին ելույթով: Կլոր սեղանի համար կարծես թե դա բավական բարձր մակարդակ է, ուշադրության բավական զգալի դրսեւորում, հատկապես եթե նկատի ունենանք, որ ռուսական կողմը կարծես թե համեմատական, համարժեք առումով ներկայացել էր շատ ավելի ցածր մակարդակով` Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովի գլխավորած փորձագիտական պատվիրակություն: Ուշագրավ էր նաեւ թերեւս մեկ այլ ոչ պակաս կարեւոր հանգամանք: Բանն այն է, որ Կլոր սեղանի մասին հասարակությունը տեղեկացվեց միայն դրա նախօրեին տաածված հաղորդագրությամբ, իսկ մինչ այդ, այդ Կլոր սեղանին այդպես բարձր մակարդակի ուշադրություն ցուցաբերած ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն չգիտես ինչու չէին խոսել այդպիսի նախաձեռնության կամ մտադրության մասին: Այդպիսով, ակնհայտ է, որ Կլոր սեղանը կազմակերպվել է բավական հանպատրաստից: Դրա մասին է թերեւս վկայում ոչ միայն այն, որ դրա մասին խոսվել է ընդամենը կատարվելուց մեկ օր առաջ, այլ նաեւ այն, որ Ռուսաստանից եղել է բավական “համեստ” ներկայացվածություն: Ըստ երեւույթին, միայն Ռեշետնիկովն է, որ ազատ է եղել եւ հնարավոր է եղել նրան հապճեպ ուղարկել Հայաստան այդ Կլոր սեղանին ռուսական ներկայություն ապահովելու համար: Ամեն ինչ իհարկե աներկբա չէ, բայց կարծես թե այդ իրողությունները տալիս են բավական հիմքեր ենթադրելու, որ կազմակերպված Կլոր սեղանը պլանավորված չէ եւ դրա անհրաժեշտությունն առաջացել է հանկարծ: Այդ տեսանկյունից, կարծես թե ուշագրավ է նաեւ հաջորդ հանգամանքը. Կլոր սեղանը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի Դոնի Ռոստով կատարած այցելությունից հետո, ուր նա մեկնել էր Դմիտրի Մեդվեդեւի հրավերով եւ հանդիպել նրա հետ: Ընդ որում, ուշագրավ է, որ Մեդվեդեւն այդ օրերին Ռոստովում Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց առաջ էլ հանդիպել էր Եվրամիության ղեկավարների հետ` ՌԴ-Եվրամիություն Վեհաժողովի շրջանակում, իսկ հետո Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ էլ նրան ասել, թե Եվրամության ղեկավարների հետ բավական հետաքրքիր խոսակցություն է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումների թեմայով, եւ ինքը բավական բաներ ունի Սերժ Սարգսյանին ասելու: Դրա ֆոնին էլ ուշագրավն այն է, որ Ռոստով մեկնելուց ընդամենը մի քանի օր առաջ էլ Սերժ Սարգսյանն ինքն էր հանդիպումներ ունեցել Եվրամիության ղեկավարների հետ, երբ այցելել էր Բրյուսել: Ուրեմն ինչ որ բան կիսատ էր թողել այնտեղ, եթե Մեդվեդեւը ԵՄ ղեկավարների հետ հանդիպելուց հետո Հայաստանի նախագահին այդ կապակցությամբ ասելու ահագին բան էր ունեցել: Իսկ գուցե Բրյուսելում Սերժ Սարգսյանն ինչ որ բան ոչ թե կիսատ էր թողել, այլ նույնիսկ ինչ որ բան չափից ավելի էր արել: Այդ տեսանկյունից թերեւս ուշագրավ եւ հիշարժան է նրա խոսքը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ռասմուսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: Երբ լրագրողները Ռասմուսենին հարցրել էին Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ՆԱՏՕ ներգրավվածության եւ հավանական ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ՆԱՏՕ-ի անելիքի մասին, Ռասմուսենը պատասխանել էր, որ բանակցային գործընթացում ՆԱՏՕ-ն ընդամենը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքին, իսկ ռազմական գործողությունների դեպքում էլ ՆԱՏՕ ներգրավման հեռանկար չի տեսնում: Ահա այդ պատասխանից հետո բավական անակնկալ էր եղել Սերժ Սարգսյանի խոսքը նույն թեմայով, երբ նա ասել էր, որ Եթե Ղարաբաղում պատերազմ լինի, ապա դա կսպառնա նաեւ Եվրոպայի անվտանգությանը, իսկ Եվրոպան չունի անվտանգությունն ապահովող այլ կառույց, քան ՆԱՏՕ-ն: Թեեւ Սերժ Սարգսյանը հետո ասել էր, թե իր խոսքը չի նշանակում, որ եթե ռազմական գործողություն վերսկսվի, ՆԱՏՕ-ն կմտի տարածաշրջան, այդուհանդերձ նրա խոսքի տրամաբանությունը հենց դա էլ նշանակում է, այսինքն նշանակում է, որ եթե ռազմական գործողություն վերսկսի, ՆԱՏՕ-ն ուղղակի պարտադրված կլինի ներգրավվել դրան: Ահա այդ առումով էլ կարծես թե Մեդվեդեւի մոտ, ԵՄ ղեկավարների հետ հանդիպումից հետո, բավական ասելիք էր առաջացել Սերժ Սարգսյանին, իսկ Սերժ Սարգսյանի մոտ էլ թերեւս որպես Մեդվեդեւի ասածների պատասխան, առաջացել էր Երեւանում շատ արագ կարգով մի Կլոր սեղան հրավիրելու անհրաժեշտություն, հայ-ռուսական բարեկամության, գործակցության անհրաժեշտության մասին բովանդակությամբ, որպեսզի ռուսների մոտ կասկած չմնա Հայաստանի իշխանության հավատարմության կապակցությամբ: Թերեւս հենց դա է պատճառը, որ Կլոր սեղանը կազմակերպվել էր եւ անցկացվել կոալիցիոն երկու խոշոր կուսակցությունների` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի “բարձր հովանու ներքո”: Այլ կերպ ասած, Ռուսաստանը կարծես թե բավական լուրջ էր ընդունել Բրյուսելում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը եւ որոշել էր դրան հնարավորինս արագ արձագանքել ու Հայաստանի իշխանությունից շատ արագ “հերքում” պահանջել` այսպես ասած տաք հետքով, քանի դեռ տարածաշրջանում չեն հայտնվել ՆԱՏՕ-ի հետքերը: Իսկ այն հանգամանքը, որ Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին “ասելու բան էր” ունեցել ԵՄ ղեկավարների հետ հանդիպումից հետո, թերեւս վկայում է, որ Եվրոպայում չեն ընդունել Սերժ Սարգսյանի “հրավերը”, գուցե հենց Մեդվեդեւի խորհրդով: Բայց այդ առումով էլ հատկանշական է, որ Դոնի Ռոստով կատարած այցից հետո Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց եվրոպական քաղաքականության մեջ կարեւոր դերակատարում ունեցող Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանին պաշտոնից ազատելու մասին: Խոսքակցություններ են շրջանառվում, եւ մամուլն էլ այդ մասին գրում է, Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցիչ Ավետ Ադոնցից առկա դժգոհության մասին, ինչը կարող է դառնալ նաեւ նրա փոփոխության պատճառ: Քիչ չէ հավանականությունը, որ այդ ամենը պայմանավորված է ոչ թե հայտնի 2216 բանաձեւի առկայությամբ, որ ընդունեց Եվրախորհրդարանը, այլ Եվրոպային կամ ՆԱՏՕ-ին ուղղված տարածաշրջանային “հրավերի” վերաձեւակերպման ու մեթոդական փոփոխության ենթարկելու եւ կրկնելու Սերժ Սարգսյանի մտադրությամբ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: