Saturday, June 5, 2010

ՈՉ ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

Պիկետ Ազգային ժողովի դիմաց «ԱԶԳ», 05-06-2010- Թեպետ հանրության շրջանում օտարալեզու դպրոցներ բացելու օրինագիծն առաջացրել է մեծ դժգոհություն, հասարակական կազմակերպություններ, Հանրային խորհուրդը, բազմաթիվ մտավորականներ, գիտնականներ դեմ են նախագծին, լեզվի օրենքում փոփոխություններին եւ առաջարկում են լայնածավալ քննարկում, երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը չորս կողմ (ՀՀԿ), երեք դեմ (ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») ձայների հարաբերակցությամբ մտավ ԱԺ քառօրյայի օրակարգ: Մինչ խորհրդարանում վերոնշյալ հանձնաժողովի անդամները քննարկում էին օրինագիծը, մուտքի մոտ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության հեղինակները պիկետ էին կազմակերպել: «Լեզուն գույքի դիմաց պարտք չէ», «Ազգադավ օրինագիծը հանեք անդարձ», պաստառներով նրանք պահանջում էին հանձնաժողովի անդամներից բացասական եզրակացություն տալ նախագծին: «Ազգի» զրույցում ցուցարարների հետ հանդիպած ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն ասաց, որ օրինագծին դեմ է քվեարկելու: Բախշյանը նկատում է, որ ամենամեծ վտանգը լեզվի օրենքի փոփոխությունն է: «Այս ամենն ինձ տանում է վատ հիշողությունների գիրկը` կապված խորհրդային շրջանում ռուսական դպրոցների հետ: Շարունակելու ենք պնդել հանրակրթության որակի արդյունավետության բարձրացում, բայց ոչ օտարալեզու դպրոցների միջոցով», ասաց նա: Նախաձեռնության անդամներից Արամ Ապատյանն էլ նշեց, որ բերելով արտասահմանի օրինակըՙ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մոռանում է հիշատակել, որ Հայաստանի համեմատությամբ այնտեղ կրթական համակարգը զարգացած է, մակարդակը` բարձր: «Պահանջում ենք, որ նախարարն իր ուշադրությունը կենտրոնացնի բարձրորակ միջնակարգ դպրոց ստեղծելու վրա: Օտարալեզու դպրոցների գոյությունը կստեղծի աննորմալ երեւույթ` դպրոցների մակարդակից դժգոհները երեխաներին կտանեն նորաբաց օտարալեզու դպրոցներ, եւ կստեղծվի օտարամոլ վերնախավ»: Ապատյանը վստահ է` նախագիծը դրսից եկած պատվեր է: «Անցյալ տարի նոյեմբերին «Русский мир» հիմնադրամի համաժողովի ընթացքում ելույթ ունեցած ՌԴ փոխնախագահը հայտարարել էր, որ արտաքին քաղաքականության ուղղվածություններից է ռուսաց լեզուն նախկին ԱՊՀ տարածքում դարձնել եթե ոչ պետական, գոնե ազգամիջյան լեզու: Դրան հաջորդեց ֆոնդի ղեկավար Նիկոնովի հայտարարությունը, որ Հայաստանի հետ որեւէ խնդիր չենք ունենա: Մեկ ամիս անց Հայաստանում ռուսալեզու դպրոցների վերաբերյալ համաժողով տեղի ունեցավ, ուր շոշափվեցին այս հարցերը»: Սակայն խնդիրը միայն ռուսալեզու կրթությունը չէ: Ամերիկյան դպրոցների մոդելով անգլիալեզու դպրոցների բացումը նույնպես չի բացառվում: Մեր կրթական համակարգը չի կարողանա խուսափել Ֆրանկոֆոնիայի աշխուժությունից, կբացվեն նաեւ ֆրանսիական դպրոցներ: «Եթե Աշոտյանը չի կարողանում հայալեզու դպրոցի միջավայրում զարգացնել օտար լեզու, ապա պետք է հրաժարական տա», ասաց Ապատյանը: Նախաձեռնող խմբի անդամներն առաջարկում են Դիլիջանում Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ կառուցվող դպրոցը ծառայեցնել այլ նպատակներով: Մելգոնյան վարժարանի փակումից հետո ստեղծել հայալեզու դպրոց, որը կհոգար սփյուռքահայ երեխաների կրթությունը: «Համաժողովին հրավիրեիք իմ կարծիքն իմանայիք», պիկետի մասնակիցներին ասաց ԱԺ շտապող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Ազգի» հարցին էլ պատասխանեց. «Տեսակետները չեն փոխվել, ոչ մի վատ բան այս նախագծում չենք տեսնում եւ ողջունում ենք քաղաքական նման ակտիվությունը»: ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: