Wednesday, June 23, 2010

Թուրք փրկարարները կգան Հայաստան

Tert.am. 23-6-2010- Երևանում այսօր մեկնարկեց Հայաստան-ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք «Արմենիա 2010» վարժանքի վերջնական պլանավորման կոնֆերնասը։ Ուսումնավարժանքը կանցկացվի Հայաստանում, այս տարվա սեպտեմբերի 11-17-ին։ Դրան կմասնակցեն նաև Թուրքիայի փրկարարները, իսկ ադրբեջանական կողմն իր մասնակցությունը դեռ չի հաստատել։ «Մոտ 600 փրկարարներ կմասնակց վարժանքին։ Դեռ վաղ է ասել, թե քանի երկիր մասնակցություն կցուցաբերի։ Ադրբեջանը դեռ չի տեղեկացրել մասնակցության մասին, իսկ Թուրքիան կմասնակցի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Եվրաատլանտյան աղետների համակարգման կենտրոնի ղեկավար Գյունտեր Բրեդշնայդերը։ Վերջնական պլանավորման կոնֆերանսին մասնակցում է նաև Թուրքիայից ժամանած 4 հոգանոց պատվիրակությունը, որի ներկայացուցիչները, սակայն, չցանկացան պատասխանել հայ լրագրողների հարցերին։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի խոսքով՝ կոնֆերանսի ընթացքում անդրադարձ է կատարվելու նաև Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում կատարված աշխատանքներին։ «Մենք սովորելու շատ բան ունենք, կոնֆերանսի մասնակից 21 երկրներն էլ պատրաստ են մեզ աջակցել։ Թեև լուրջ աշխատանքներ ենք տանում աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ, սակայն անհրաժեշտ է մշակել Ազգային պլատֆորմ, ինչի ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասաց նախարարը։ Երիցյանը նաև հավատացրեց, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների հետ. «Եթե կա աղետ, եթե կլինեն դեպքեր, որ հայ փրկարարները պետք է գնան օգնության, մենք կլինենք բոլոր տեղերում»։

No comments: