Wednesday, June 23, 2010

Հայաստան. Իրանին անտեսել հնարավոր չէ

News.am. 23-6-2010- Համաշխարհային փորձի խտացումը վկայում է, որ մարդիկ ոչնչի շուրջ պատրաստ չեն ավելի արագ համաձայնության գալ, քան տնտեսական շահի շուրջ: Այդ մասին Բեռլինում՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում ունեցած իր ելույթում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Բոլոր օրինակներն ապացուցում են տնտեսական համագործակցությամբ ինտեգրացման եւ քաղաքական խնդիրների լուծման երկարաժամկետ կայունությունը: Հարավային Կովկասը կարող է համադրել բոլոր կողմերի՝ գործընկեր երկրների, տարածաշրջանային առաջնորդների, ներդրողների շահերը»,- ասել է Սարգսյանն ու նկատել, թե Իրանի նկատմամբ ընդունված պատժամիջոցների լույսի ներքո որոշ սկեպտիկներ թերահավատությամբ կվերաբերվեն իր այս մոտեցմանը, բայց վստահ է, որ տարածաշրջանային լուծումներում չի կարելի եւ հնարավոր էլ չէ անտեսել Իրանը: «Տարածաշրջանի համար խիստ կարեւոր է Իրանի՝ վտանգված լինելու զգացման փարատումը: Առանց դրա չկա լուծում ո՛չ վաղվա խնդիրների, ո՛չ էլ նույնիսկ այսօրվա միջուկային խնդրի համար»,- նկատել է նախագահը: «Իսկ արդյո՞ք հարավկովկասյան «տնտեսական կարկանդակը» կբավարարի բոլորին: Միգուցե փոքր կարկանդակի մասնատումը շատերի ախորժակը չի կարող բավարարել, բայց ճիշտ լուծումը կարկանդակը մեկին կամ երկուսին հանձնելը չէ, առավել եւս, որ դրանով խնդիրները միայն սկսվում են: Ուղղակի անհրաժեշտ է թխել ավելի մեծ կարկանդակ»,- ասել է Սերժ Սարգսյանն ու նկատել, որ եթե խոսում ենք փակուղու եւ փակ սահմանների մասին, դրանց փոխարեն տարածաշրջանը պետք է դարձնել հյուսիսն ու հարավը, արեւելքն ու արեւմուտքը կապող տրանսպորտային հանգույց: Հայաստանի նախագահը ներկայացրել է նաեւ այն խոշոր նախագծերը, որոնց մասնակցում է Հայաստանն իր հարեւան երկրների հետ:

No comments: