Tert.am. 22-6-2010- «Ամենից ավելի լավ ճանապարհն այն է, որ մենք կարողանանք կարճ ժամանակահատվածում բարձրացնել մեր բոլոր դպրոցների մակարդակը, որպեսզի այդ դպրոցներում մեր երեխաները կարողանան ստանալ ժամանակակից մրցունակ գիտելիք: Բայց դրա հետ զուգահեռ մենք ինչո՞ւ պիտի բացառենք միջազգային չափանիշներին համապատասխանող մի քանի մասնավոր դպրոցների առկայությունը»,- երեկ Բեռլինում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով համայնքի ներկայացուցիչների հարցին, թե որքանով է նպատակահարմար Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ, եթե կարելի է բարձրացնել գործող դպրոցների մակարդակը:
Ըստ նրա՝ խոսքը մի քանի մասնավոր դպրոցների մասին է, որտեղ մի քանի առարկաների ուսուցումը, ինչպիսիք են հայոց պատմությունը, կրոնի պատմությունը և այլն, պարտադիր է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:
«Բայց եթե այդ դպրոցներում ուսանեն Ռուսաստանի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի քաղաքացիներ, արդյո՞ք մենք կարող ենք նրանց պարտադրել, որպեսզի նրանք անցնեն, ենթադրենք, ֆիզիկան, քիմիան հայերենով: Դա անհնարին մի բան է, չէ՞. Երևանում գործում է Ամերիկյան համալսարանը, որտեղ ուսուցումն անգլերեն է, գործում է Հայ-ռուսական համալասարանը, որտեղ ուսուցումը ռուսերեն է, և դրանից Հայաստանին որևէ վնաս չի հասցվել: Խոսքը, նորից եմ ասում, մի քանի մասնավոր դպրոցների մասին է, որոնց պետական բյուջեից մեկ դրամ էլ չենք հատկացնելու»,– մեկնաբանել է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ մի քանի տարի առաջ Հայաստանը կրթությանը հատկացնում էր Հայաստանի ՀՆԱ–ի մեկ տոկոսը: Այսօր արդեն, 2010թ, բյուջեով, կրթության ծախսերը մոտենում են չորս տոկոսի: «Սա մի քիչ ավելի է, քան մենք հատկացնում ենք մեր բանակին, և որքան մեծ լինի Հայաստանի ՀՆԱ-ն, բյուջեն, այնքան շատ գումարներ ենք կարողանալու հատկացնել մեր միջնակարգ կրթությանը … Խոսքը չի գնում հայոց լեզվի վրա ձեռք բարձրացնելու մասին: Այդպիս բան չի լինի»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Tuesday, June 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment