Tuesday, June 22, 2010

Քննարկվել է վիզաների տրամադրման կարգը դյուրացնելու հարցը

Tert.am. 22-6-2010- Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին: Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի եվրաինտեգրման ներգրավվածության հարցերը, մասնավորապես՝ ԵՔՀ ծրագրին, ինչպես նաև «Արևելյան գործընկերությանն» առնչվող հարցեր: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարևորել է «Արևելյան գործընկերության» ծրագիրը, որպես ԵՄ-ի հետ տնտեսական և քաղաքական առավել սերտ համագործակցության գործիք, մտահոգություն հայտնելով գործընկերության խորհրդարանական ձևաչափի ձգձգմամբ։ Այս հարցում դեսպանը համաձայնել է Զոհրաբյանի հետ: Քանի որ Արևելյան գործընկերությունը լեհ-շվեդական նախաձեռնություն է, հանձնաժողովի նախագահը կարևորել է Լեհաստանի դերակատարությունը Արևելյան գործընկերության չորս հիմնարար պլատֆորմներն առաջ մղելու հարցում։ Ռաչինսկին վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ նշելով, որ Լեհաստանը կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը՝ «Արևելյան գործընկերության» ձևաչափը, նաև խորհրդարանական պլատֆորմը առաջ մղելու հարցում: Կողմերը կարևորել են Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի կնքումը, որը նոր հեռանկարներ կբացի Հայաստան-Եվրամիություն տնտեսական և քաղաքական ասոցացման համար: Նաիրա Զոհրաբյանը հարց է բարձրացրել ԵՄ երկրներ վիզաների դյուրացման խնդրի վերաբերյալ` հղում անելով Արևելյան գործընկերության ծրագրին, ուր նշված է, որ «անվտանգ միջավայրում քաղաքացիների ազատ տեղաշարժը Արևելյան գործընկերության կարևոր բաղադրիչներից է»: Դեսպանը նշել է, որ Լեհաստանը ջանքեր կգործադրի ուսանողների, գիտնականների և որոշ խավերի ներկայացուցիչների համար վիզաների տրամադրման կարգը հնարավորինս դյուրացնելու, ինչպես նաև վիզաների համար գանձվող գումարը նվազեցնելու համար: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպման ավարտին ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հուլիսի 12-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին պաշտոնապես հրավիրել է Լեհաստան:

No comments: