Saturday, April 30, 2011

Ընտրություններին առանձին մասնակցելու հայտարարությունը Արամ Սաֆարյանը համարում է կուսակիցների «մտայնությունն ու ցանկությունը»

«Tert.am» 29/04/2011: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդում և պատգամավորական խմբակցությունում գերիշխող տրամադրությունները գալիք խորհրդարանական ընտրություններին ինքնուրույն մասնակցելն է: Այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը՝ Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով իր կուսակից Նաիրա Զոհրաբյանի և Վարդան Բոստանջյանի՝ ավելի վաղ արած հայտարարությունները: Երեկ Զոհրաբյանը հայտարարել էր, որ ԲՀԿ–ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է կոալիցիոն կուսակցություններից առանձին։
Սաֆարյանի խոսքով՝ առանձին մասնակցելու մասին հայտարարություններն իր գործընկերների «մտայնությունն ու ցանկությունն» են։
«Միաժամանակ ուզում եմ ասել, որ քանի որ մենք համոզված ենք, որ ամեն ինչ լավ է իր ժամանակին, գալիք ընտրությունների հետ կապված հարցերը սկսելու ենք դիտարկել ոչ շուտ, քան խորհրդարանական արձակուրդներից հետո։ Այն ժամանակ է սկսվելու մեր վերլուծական խմբի աշխատանքը նախընտրական պլատֆորմի վրա»,– ասաց Արամ Սաֆարյանը։ Նա համոզված է, որ այժմ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցերի վրա «երկար–բարակ ծավալվելը ուղղակի անժամանակ է», քանի որ հիմա երկրի առջև ծառացած քաղաքական, ռազմական, տնտեսական և ֆինանսական հիմնախնդիրները պահանջում են համաձայնեցված մոտեցումներ և պատասխանատու քաղաքական կեցվածք։
ԲՀԿ–ական պատգամավորը վերահաստատեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ամբողջովին սատարում է նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես որ դա արտացոլված է կոալիցիոն հուշագրում։
Հարցին, թե արդյոք խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցելով ԲՀԿ–ն չի՞ շեղվում կոալիցիոն հուշագրից՝ Արամ Սաֆարյանը պատասխանեց. «Կոալիցիոն հուշագիրը մենք ստեղծել ենք այն պարզ և անկեղծ մտայնությամբ, որ ստեղծված արտաքին և ներքին մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու համար պետք է սատարել և օգնել երկրի ղեկավարին, ինչը և մենք անում ենք»։

No comments: