Thursday, July 29, 2010

Ընդդիմությանը հանրահավաք կանցկացնի սեպտեմբերի 17-ին

«Ազատություն» 28-7-2010- Չորեքշաբթի օրը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) քաղխորհրդի նիստում որոշվել է սեպտեմբերի 17-ին անցկացնել համապետական հանրահավաք: «Այսօր տեղի է ունեցել Կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Որոշվել է հաջորդ համապետական հանրահավաքն անցկացնել 2010 թվականի սեպտեմբերի 17-ին: Նաեւ հանձնարարվել է Կոնգրեսի համապատասխան կառույցներին ակտիվորեն զբաղվել հանրահավաքի նախապատրաստման հարցերով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը` շարունակելով. - «Այս պահին որոշված է հանրահավաքի օրը: Առաջիկայում որոշում կընդունվի նաեւ հանրահավաքի անցկացման տեղի վերաբերյալ»: ՀԱԿ-ը, ըստ Մուսինյանի, շարունակում է ստվերային կառավարության գործունեությունը. «100 քայլ»-ից եւ Առողջապահության համակարգի բարեփոխումների ծրագրից հետո այսօրվա նիստում հավանության է արժանացել Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի նախագիծը: «Առաջիկա օրերին նախագիծը կներկայացվի հանրային քննարկման», - հավելեց ՀԱԿ-ի խոսնակը: Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կառավարության կենսաթոշակային բարեփոխումների նախագծի այլընտրանք համարվող ընդդիմության տարբերակում առաջարկվում են կենսաթոշակային կուտակային համակարգին առնչվող խնդրահարույց հարցերի լուծումներ: Նրա խոսքով, առաջին հերթին անհանգստացնող է կառավարության նախագծում բերված կուտակային հիմնադրամներում հավաքվող գումարների օգտագործման սահմանումը: «Դրանք որտեղ պետք է տեղադրված լինեն` Հայաստանում կամ մեկ այլ երկրում, եւ ինչ ձեւով պետք է օգտագործվեն: Մենք գտնում ենք, որ հնարավորություն պետք է տալ հիմնականում այդ գումարները օգտագործել Հայաստանի Հանրապետությունում` ներգրավելով այդ ծրագրերում, որտեղ խոշոր կապիտալ ներդրումների կարիք կա», - մանրամասնեց Խաչատրյանը: Կառավարության նախագծով աշխատողը կուտակային հիմնադրամներում ներդրած գումարները կարող է օգտագործել կենսաթոշակային տարիքում` սկսած 63 տարեկանից: ՀԱԿ-ն առաջարկում է կրճատել կառավարության նախագծում նշված ժամանակահատվածը: «Մենք գտնում ենք, որ դա պետք է լինի 10, մաքսիմում 15 տարի: Դրանից ավելի իր ապագան մարդը ոնց որ թե չի տեսնում», - փաստարկեց Խաչատրյանը: Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Կոնգրեսի նախորդ առաջարկների կապակցությամբ կառավարության արձագանքը, Խաչատրյանը պատասխանեց. - «Կառավարություն ե՞րբ է արձագանքել որ: Կառավարությունը խուսափում է ընդհանրապես օբյեկտիվորեն մեր ներկայացուցիչների հետ քննարկումներին մասնակցել եւ որեւէ կարծիք հայտնել»:

No comments: