Wednesday, July 28, 2010

Մեր զգաստության հրավերը եւ «Ալիք»-ի խուլ ականջները ...…

կամ «ով որ դաշնակցական չէ, հայ չէ՞» Սույն թվի հուլիսի 15-ին, իրանահայ մամուլի երեք ներկայացուցիչներս՝ «Արաքս» շաբաթաթերթ, «Լույս» ամսագիր եւ «Իրանահայեր» լրատվական ցանցը, Իրանահայ համայնքի հայկական դպրոցների եւ ազգային հաստատությունների իրարահաջորդ փակման վերաբերյալ ՀՅԴ պաշտոնաթերթ «Ալիք» օրաթերթի խեղաթյուրված լրատվության կապակցությամբ համատեղ մի կոչով մասնավորաբար նշել էինք, որ «լավապես գիտակցում ենք, որ «Ալիք»-ը անկախ թերթ չէ, այլ կուսակցական պաշտոնաթերթ եւ, ինքնաբերաբար, արտացոլում է պատկան կուսակցության տեսակետները եւ ոչ թե հասարակական պահանջը, սակայն դա չի նշանակում, թե որեւէ կուսակցության պաշտոնաթերթ իրավունք ունի իր նախասիրություններից ելած աղավաղել հարցերը, այլափոխել իրականությունները եւ սուտ լրատվություն կատարելով մոլորեցնել հասարակությունը»: Հայտարարությամբ նույնպես, շեշտադրված, նշել էինք, որ ««Ալիք»-ը ոչ միայն կրկնում է Թեմական խորհրդի կողմից «Ռոստոմ» դպրոցի փակման մասին հրապարակված անհիմն հայտարարությունը, այլ նրանից էլ առաջ անցնելով, (եւ անտեսելով 300 բողոքարկող ծնողների եւ դպրոցի հարակից «Բահար» շրջանի քաղաքացիների ստորագրահավաքը), 20-25 հոգուն ներկայացնում է որպես այդ դպրոցի ողջ աշակերտության ծնողների, որ «տւեցին իրենց լիարժէք համաձայնութիւնը, որպէսզի Թեմական խորհուրդն սկսի գործադրել «Ռոստոմ» աղջ. դպրոցը «Արաքս» դպրոցին միաւորելու գործընթացը», այսինքն փակումը, որն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ հիշյալ նիստում ո՛չ քվեարկություն եղավ, ո՛չ էլ հավաքական հաստատում, նույնիսկ այդ սակավաթիվ ներկաների կողմից»: Վերջապես, համատեղ հայտարարության ավարտին ահազանգել էինք, որ ««Ալիք» օրաթերթի որդեգրած գործելաոճի հետեւանքով հարցականի տակ է դրվել հայ մամուլի ազնվությունը, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ համայնքի համերաշխության եւ կենսունակության վրա»: Եվ ահա, հուլիսի 19-ին, «Ալիք» օրաթերթը փոխարեն սթափվելու եւ անսալու մեր կոչին, կամ ապացուցելու, որ «ինքը չի ստել», հրապարակել է «Համայնքի ու հասարակայնութեան մերօրեայ պառակտիչները» վերնագրով մի գրություն, որում այս մտահոգիչ եւ կենսական հարցի վերաբերյալ մեր եւ համայնքում առկա հարցադրումներին պատասխանելու փոխարեն, պատասխանել է հետեւյալ ոճով եւ կերպով: «Մերօրեայ պառակտիչները ... առանց դոյզն իսկ արժանապատւութիւն ունենալու` մեղադրում են մեզ` «Ալիք» օրաթերթին, ... սա արտացոլւում է մի կայքէջային լրատւամիջոցից` «Իրանահայեր» յորջորջումով, որի խօսքին էլ որպէս համախոհ` իրենց կնիքն են դնում լրատւամիջոցի յաւակնութիւն ունեցող «Արաքս»-ն ու «Լոյս»-ը: « ... նշւած վայ լրատւամիջոցների կողմից բազմիցս են հասցէագրւել մեզ, ... որի համախոհ ընթերցողների «բանակը» չի անցնում գոնէ տասնեակը եւ ինչպէս ժողովրդական խօսքն է ասում` խեղդւողը փրփուրներից է կախւում, սրանք էլ ընթերցող հասարակայնութիւն են փնտրում հայաստանեան հասարակութիւնում իրենց շինծու լրատւութեամբ, դեռ մի հատ էլ «կոչ» ձեւակերպում: Եթէ այդքան ազգասէր մարդիկ էք եւ օր ու գիշեր չէք քնում համայնքային «սխալ գործելաոճից եւ մամուլի ոչ-ճիշտ լուսաբանումներից» մտահոգ, ճիշտ կը լինէր հիմնելով թուրքալեզու հայամէտ կայքէջ ... ի՞նչ ենք սպասում նման մարդկանցից ... «լրագրողներ», ... անձնական շահերի եւ եսակենտրոն նկրտումներ ... որոնք նոյնիսկ իրենց քթի տակ...»: Մեզ` Իրանահայ մամուլի երեք ներկայացուցիչներիս, այս գրգռիչ եւ անպատասխանատու վերաբերումին ի պատասխան, միայն մնում է դիմել հրապարակայնության: Մենք գնահատական չենք տվել եւ չենք տալու թե ո՞վ է «արժանապատվության» տեր, ո՞վ է «վայ լրատվամիջոց», ո՞վ է «պառակտիչ», ո՞վ է «լրատվամիջոցի հավակնություն ունեցողը, որի ընթերցողների բանակը չի անցնում տասը», թե ո՞վ է «փրփուրներից կախվող, խեղդվողը», «ընթերցող փնտրողը»: Այլոց «ազգասիրության եւ մարդկային արժեքների» մասին գնահատականներ տալու փոխարեն, իրենց 80-ամյա, կամ 180-ամյա «փորձառության» տեր համարողները թող լինեն համեստ եւ չստեն, չզրպարտեն իրենց սուտն ու սխալը բացահայտողին եւ կամայական գործունեության դիմելով չոտնահարեն համայնքի ցանկությունները: Թերեւս «Ալիք»ը մոռացել է կամ չի գիտակցում, որ այլ թվականներում է ապրում, որ փոխվել են ժամանակներն ու սերունդները, թե տասնամյակներ է, որ ավարտվել է պաղ պատերազմը, որ չկան այլեւս իր ծայրահեղություններն ու այլամերժությունները քաջալերողներ եւ հովանավորողներ, եւ այս իրենց, մեղմ ասած անհամեստ գրականության համար, կարելի է իրենց դատի տալ, այլապես դեռեւս չէր գրի վերոնշյալները եւ դեռեւս, ինքն իրեն ծիծաղելի վիճակի մատնելով, չէր գրի հետեւյալը.… «Ալիք»-ին՝ «մեծ ժողովրդականութիւն վայելող մեր թերթին, սպասում են հազարաւոր ընթերցողներ... համայնքի միակ խօսափողը... «Ալիք», որը մշտապէս ներել է ու հանդուրժել է հէնց վերը նշւածների ոտնձգութիւններին... «Ալիք»-ը, որ միշտ խոհեմ ու լուռ է... իրեն վայել չհամարելով պատասխանել այսօրինակ ճղճիմ ու ստայօդ ցեխարձակումներին... «Ալիք»-ն իր գոյութեամբ, իր 80-ամեայ երթի ընթացքում, երբեւէ չի ընկրկել իր դէմ սուր ճօճողների մեքենայութիւնների դիմաց, այլ դարձել է աւելի զօրեղ: …... այս խմորը շատ ջուր կը տանի, այսինքն` կայքէջային այս մեսիջները, որոնք ուղղւած են մեզ, վստահ ենք, կանցնեն պատմութեան գիրկը ու համայնքի պառակտմանն ուղղւած գործընթացի «գլխաւոր հերոսները» կը մնան որպէս ինքնակոչներ, որոնց հետագայում արհամարհւած լինելը չի որակւի եւ որպէս հարցադրում` չի հնչի` «եթէ դաշնակցական չես, հայ չե՞ս»: Եզրափակենք մեր խոսքը. Մենք չենք ասել թե ինչ պիտի անի ՀՅԴ-ը կամ «Ալիք» օրաթերթը, դա իրենց գիտելիքն է, ցանկացած կուսակցություն եւ օրգան արժեւորվելու եւ արժեւորվում է իր կեցվածքով եւ գործունեությամբ: Համատեղ Կոչ-ով, ստորագրյալներս հայտարարեցինք, որ «Ալիք»-ը եւ ցանկացած լրատվամիջոց ինչ չպետք է անի եւ իրավունք չունի անելու: Հրապարակեցինք հայտարարություն, որովհետեւ այստեղ խնդիրը լոկ «Ալիք» օրաթերթի սխալ կեցվածքը չէր, այլ այն անառողջ մոտեցումը, որով նա փորձում է ազգային իշխանությունների սխալը քողարկել, որը պակաս բան չէ քան ինքը սխալը, եւ նույնիսկ երբեմն ավելի քանդիչ՝ որի համար նախեւառաջ պատասխանատու է Դաշնակցություն կուսակցությունը եւ ապա թերթի խմբագրական կազմը: Ուստի «Ալիք» օրաթերթին կրկին կոչ ենք անում հեռու մնալ այնպիսի քայլերից, որով կխաթարվի համայնք-մամուլ փոխհարաբերությունը: Թեհրան, 24 հուլիսի 2010թ. «Իրանահայեր» լրատու ցանց «Արաքս» շաբաթաթերթ «Լույս» ամսագիր

No comments: