Wednesday, July 7, 2010

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՇՌՈՒՄՆ ԷՐ

Այլ ոչ թե Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու Բաքվի ու Թբիլիսիի պատվերի կատարումը «ԱԶԳ», 07-07-2010- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի շրջագայությունը Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում սկսվեց Լեհաստան այցով, ապա նա անցավ Ադրբեջան, Հայաստանից ուղեւորվեց Վրաստան, իսկ Ուկրաինայով ավարտվեց: «Ազգը» նախորդ համարում ներկայացրել էր տիկ. Քլինթոնի Ադրբեջան եւ Հայաստան այցելությունների թուրքական արձագանքները: Բաքվում նա ղարաբաղյան հիմնահարցի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կարգավորմանը նպաստելու Իլհամ Ալիեւի խնդրանքին ի պատասխան, ասել է. «ԱՄՆ-ը չի կարող հիմնահարցը կարգավորել, այլ կարող է ընդամենը օգնել կողմերին, որ համաձայնության գան»: Երեւանում պետքարտուղարն ընդգծեց. «Ինչպես արդեն ասել եմ Բաքվում, ԱՄՆ-ն աջակցում է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը Հելսինկյան սկզբունքներիՙ տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքների հիման վրա»: Մինչդեռ Բաքուն «օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման» հարցում լիակատար աջակցություն էր ակնկալում եւ սպասում էր, որ «Լեռնային Ղարաբաղն օկուպացնելու» համար Քլինթոնը դատապարտի Հայաստանին: Ահա թե ինչու պետքարտուղարի Երեւանում հայաստանյան իշխանությունների կարծիքին համահունչ տեսակետները կատարյալ հիասթափություն պատճառեցին Ադրբեջանին: Այն, ինչ պետքարտուղարից ակնկալում էին լսել ադրբեջանցիները, Թբիլիսիում լսեցին վրացիները: Թուրքական մամուլը արձագանքեց նաեւ Հիլարի Քլինթոնի Վրաստան այցելությանը: «Դունյա Բուլտենի» կայքէջի վկայությամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հետ հանդիպումից հետո մամուլի համատեղ ասուլիսում պետքարտուղարը, ակնարկելով 2008-ի օգոստոսին բռնկված հարավօսական պատերազմի մասին, նշել է. «ԱՄՆ-ը ամենայն վճռականությամբ աջակցում եւ աջակցելու է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Մեր այս դիրքորոշումը պարզորոշ արտահայտելու եւ նորից վերահաստատելու համար է, որ ես այսօր Վրաստանում եմ»: Հիլարի Քլինթոնը միաժամանակ նշել է, որ նախագահ Բարաք Օբաման տարածքային ամբողջականության վերականգնման հարցում Վրաստանին զորակցելու ԱՄՆ-ի դիրքորոշման մասին անձամբ իրազեկել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւինՙ վերջինի ԱՄՆ կատարած այցի ընթացքում, ապա եւ պետքարտուղարը խոստացել է շարունակել վրացական տարածքներից ռուսական զորքերի դուրսբերման աշխատանքները: Ի պատասխան, Սաակաշվիլին ասել է, որ ԱՄՆ-ը մեծապես աջակցում է Վրաստանին, շնորհիվ այդ աջակցության Վրաստանը դարձել է «լավատես եւ անկախ» երկիր: Պետքարտուղարի Վրաստան կատարած այցի ավարտին, որտեղ նա դատապարտել էր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի «ռուսական օկուպացիան», Մոսկվայում հակազդեցությամբ հանդես է եկել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Նա Վրաստանին խորհուրդ է տվել Աբխազիայի եւ Հարավայի Օսիայի խնդիրները լուծել ոչ թե ուրիշներին ապավինելով, այլ նորանկախ այս հանրապետությունների հետ բանակցելու միջոցով: Վարչապետ Պուտինի հակազդեցությունը միանգամայն տրամաբանական է, հատկապես ներկա փոլում, երբ ձախողվել են ԱՄՆ-ի սանձազերծած հակաաֆղանական եւ հակաիրաքյան պատերազմները, ճեղքվածք են տվել ամերիկյան նախաձեռնությամբ Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղզստանում կազմակերպված «գունավոր հեղափոխությունները»: Ավելին, այս ձախողումներն ու ճեղքվածքը նախադրյալներ ստեղծեցին, որ Ռուսաստանը վերականգնի իր դիրքերը ռուսական գերազդեցության երբեմնի տարածքներում: Հատկանշական էր հունվարին Ղազախստան-Ռուսաստան-Բելառուս մաքսային միության կազմավորումը, Ուկրաինայում ռուսամետ քաղաքական ուժերի իշխանության գալը եւ Ղրղզստանում հօգուտ Ռուսաստանի կատարված իշխանափոխությունը: Թերեւս այս առումով պատահական չէր պետքարտուղար Քլինթոնի շրջագայությունը: Նա եղավ Լեհաստանում, որտեղ մայիսի սկզբներին կասկածելի ավիավթարի զոհ էր դարձել երկրի արեւմտամետ նախագահը: Ապրիլին Հայաստան-Թուրքիա մերձեցմանն աջակցելու համար հարափոփոխ արտաքին քաղաքականության որդեգրած Ադրբեջանը սպառնացել էր Վաշինգտոնին, թե կվերանայի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները եւ սկսել Ռուսաստանին մերձենալու միտումներ ի հայտ բերել: Հայաստանը կասեցրել էր Վաշինգտոնին շահագրգռող հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, հարավօսական պատերազմից հետո մեկուսացված Վրաստանում ամերիկամետ Սաակաշվիլին կորցրել էր ժողովրդականությունը, իսկ ուկրաինական նորընտիր իշխանությունները հետզհետե ռուսական կողմնորոշում էին որդեգրում: Այլ կերպ, շրջագայության ընթացքում պետքարտուղար Քլինթոնի այցելած բոլոր երկրներն էլ ԱՄՆ-ի համար դառնում էին խնդրահարույց, եւ այս երկրներում Մոսկվան աստիճանաբար սկսում էր սասանել Վաշինգտոնի դիրքերը: Հետեւաբար պետքարտուղարը շրջագայության էր դուրս եկել նշված երկրներում Ռուսաստանի հարաճուն ազդեցությունը հակակշռելու Վաշինգտոնի հնարավորությունների ստուգման գլխավոր առաջադրանքով, այլ ոչ թե Բաքվի պատվերով «օկուպացված տարածքներից» հայկական զորքերի դուրսբերման, ղարաբաղյան հիմնահարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով լուծելու, ոչ էլ անկախություն հռչակած Աբխազիային եւ Հարավային Օսիային վերստին Վրաստանի կազմում ընդգրկելու նպատակով: Տասնյակ տարիների վաղեմություն ունեցող հակամարտությունների կարգավորումը վեր է ոչ միայն պետքարտուղար Քլինթոնի, այլեւ նրա ներկայացրած պետության ուժերից, հատկապես այնպիսի մի տարածաշրջանում, որտեղ «կենսական» շահեր հետապնդող միջազգային ուժերը հանուն ազդեցության անհաշտ մրցապայքար են ծավալում միմյանց դեմ, իսկ հակամարտության կողմ երկրները Լեռնային Ղարաբաղի գլխավորությամբ, դառնալով ագրեսիայի թիրախ, ազգային ազատագրական պատերազմում խայտառակ պարտության են մատնել ագրեսորին, ավելին, նաեւ անկախություն են հռչակել: Այսինքնՙ նրանք այդ հաղթանակներով մեծապես կարգավորել են տվյալ հակամարտությունը: Հակամարտության մյուս կողմերըՙ Ադրբեջանն ու Վրաստանը, որքան էլ չհաշտվեն կարգավորման այս փաստի հետ, չեն կարող անտեսել ռազմի դաշտում իրենց կրած խայտառակ պարտությունը եւ հաղթող կողմի արյան գնով ձեռք բերված անկախությունը: Իր իսկ սանձազերծած պատերազմում կրած այս պարտությունը անտեսելու գնով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնից պահանջել, որ վերականգնի, այսպես կոչված, կորուստները, կնշանակի երազում կորեկ տեսնել, ինչպես հավն է տեսնում: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: