Monday, July 5, 2010

ԱՄՆ Դեսպանատուն. Քլինթոնի այցը մատնանշում է ԱՄՆ կառավարության ամուր գործընկերությունը Հայաստանի հետ

Հուլիս 4-5-ը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը մատնանշում է ԱՄՆ կառավարության ամուր գործընկերությունը Հայաստանի հետ: Այս մասին հայտարարում են Հայաստանում ամերիկյան դեսպանատան մամուլի ծառայությունից: 2010թ. ԱՄՆ կառավարությունը տրամադրել է շուրջ 45 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն` ուղղված աղքատության կրճատմանը, օրենքի գերակայության բարելավմանը, առողջապահական ծառայությունների հասանելիության մեծացմանը և մասնավոր հատվածի ու ենթակառուցվածքների ամրապնդմանը: Բացի այդ, Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կողմից ոռոգման համակարգերի և ֆերմերների ուսուցման ծրագրերի համար 2010թ. հատկացվող միջոցները կկազմեն ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլար: Վերջերս ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Գլոբալ զարգացման միավորումներ» երկամյա ծրագրի շրջանակում հուլիսի 1-ին Վորլդ Վիժն-ի հետ համատեղ մեկնարկեց «Ընտանեկան առողջություն» նախագիծը, որն ուղղված է Հայաստանի առավել հեռավոր բնակավայրերում կանխարգելիչ բուժծառայությունների ապահովումն և քրոնիկ հիվանդությունների վարումը բարելավելուն. հունիսի 30-ին «Ինտերնյուզ» հասարակական կազմակերպության, Երևանի մամուլի ակումբի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ մեկնարկեց «Այլընտրանքային ռեսուրսները լրատվամիջոցներում» նախագիծը, որը կօժանդակի Հայաստանի ԶԼՄ-ներին և անկախ ու որակյալ լրատվություն կապահովի հայ հասարակության համար: Վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ կառավարության կողմից իրականացված արտաքին աջակցության ծրագրերով Հայաստանին հատկացվել է ավելի քան 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար: Աղբյուրը հիշեցնում է, որ պետքարտուղարը Երևանում հանդիպել է ՀՀ նախագահ Սարգսյանի և արտգործնախարար Նալբանդյանի հետ` քննարկելով երկկողմ հետաքրքրության, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: Այցի ընթացքում նա նաև հանդիպումներ ունեցավ քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ` գովելով նրանց ջանքները, որ նպատակ ունեն խթանել ժողովրդավարական արժեքները, այդ թվում` հաշվետու կառավարումը, ազատ և անկախ մամուլը, հարգանքը մարդու իրավունքների հանդեպ: «Պետքարտուղարը նաև մասնավոր այցով եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` իր հարգանքի տուրքը մատուցելու 1.5 միլիոն հայերին, որ իրենց կյանքը կորցրեցին 1915թ.»,-ասված է դեսպանատան տարածած մամլո հաղորդագրության մեջ:

No comments: