Tuesday, July 6, 2010

Բաքուն «հոգ է տանում» Հայաստանի մասին

News.am. 6-7-2010- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մի շարք հայտարարություններ է արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ ասուլիսում, որ տեղի է ունեցել Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում, Քլինթոնի՝ Ադրբեջան այցի ավարտին: Նա հայտարարել է, թե ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող էներգետիկ նախագծերի իրացումից ստացված ֆինանսները իրական բարգավաճում են բերում Ադրբեջանին, միեւնույն ժամանակ աջակցություն են Վրաստանին: Բաքուն ցանկանում է, որ Հայաստանը եւս զերծ չմնա դրանից: Սակայն, ցավոք, ղարաբաղյան հակամարտությունը թույլ չի տալիս Երեւանին ներգրավել տարածաշրջանի երկրների նման հրապուրիչ ծրագրերում: «Կարծում եմ՝ մենք, հավանաբար, այն քչերից ենք, որ կարող ենք ասել, թե շինարարության եւ խողովակաշարի օգնությամբ ստացված ֆինանսները հանգեցնում են իրական բարգավաճման Ադրբեջանում, եւ աջակցում են Վրաստանին: Մենք նույնը ցանկանում ենք նաեւ Հայաստանին: Բայց մենք այստեղ մոտեցանք հակամարտության կարգավորմանը: Հենց մենք կարգավորենք հակամարտությունը, կամ, առնվազն, կատարենք առաջին քայլը, իրականացնենք համանախագահների առաջարկած ծրագիրը, դա լուրջ ճեղքում կլինի հարավկովկասյան երեք հանրապետություններում: Եւ այդ իմաստով Միացյալ Նահանգների դերն ահռելի նշանակություն ունի»,- ըստ ադրբեջանական 1news.az-ի՝ ասել է Մամեդյարովը։

No comments: