Tuesday, July 6, 2010

Ինչո՞ւ չեք ուսուցանում նաև թուրքական և ադրբեջանական զավթման մասին. ուղերձ վրաց իշխանությանը

Tert.am. 6-7-2010- Ռուսաստանի ջավախքահայերը ուղերձ են հղել Վրաստանի իշխանություններին՝ նշելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հարկավոր է կարգավորել բանակցությունների միջոցով, այլ ոչ հակառուսական քարոզչությամբ։ «Վրաստանի իշխանությունները հերթական անգամ որոշել են կատարել ապակառուցողական քայլ։ Նոր ուսումնական տարվանից վրացական դպրոցները կստանան պատմության դասագիրք-ուղեցույց՝ «Ռուսական զավթման 200 տարի» վերնագրով։ Մենք անթույլատրելի ենք համարում տվյալ դասագրքի ներմուծումը դպրոցներում, հատկապես, որ դա արդեն իսկ ուսուցանվում է պատմության դասագրքերում։ Դիվանագիտական ճանապարհով գնալու և Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փոխարեն Վրաստանի իշխանությունները հակառակն են անում»,- նշվում է ուղերձում։ Կազմակերպությունը տարակուսում է, թե ինչու է առանձին դասագրքով ուսուցանվում դա, և այդ դեպքում ինչու վրացական դպրոցներում առանձին առարկաներով չեն ուսուցանվում, օրինակ, Վրաստանի օկուպացիան Թուրքիայի, Պարսկաստանի կամ Ադրբեջանի կողմից։ «Վրաստանի օկուպացիան Թուրքիայի կողմից շարունակվում է մինչ օրս։ Եթե դա զավթում չէ, թող Թուրքիան վերադարձնի Տաո-Կլարջետին։ Նաև չի կարելի փախչել այն փաստից, որ Վրաստանի Սաինգիլո տարածքը ներկայումս օկուպացրել է Ադրբեջանը»,-նշվում է Ռուսաստանի Ջավախքի սփյուռքի ուղերձում։

No comments: