Tuesday, July 6, 2010

Կարսի սահմանադուռը բացվելո՞ւ է

Panorama.am. 6-7-2010- Թուրքական «Հաբերլեր» (Haberler) լրատվական կայքի տեղեկացմամբ` Թուրքիայի ներքին գործերի և արտաքին գործերի նախարարությունները Կարսի և Իգդիրի նահանգային ղեկավարությանը գրավոր հարցում են արել, թե Հայաստանի հետ սահմանի բացման դեպքում որքան ժամանակ կպահանջվի նախապատրաստական աշխատանքների համար: Կարսի նահանգապետ Ահմեթ Քարան լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվել է որոշակի պարզաբանումներ. «Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործանախարարները ստորագրեցին արձանագրություններ: Խորհրդարանների վավերացման դեպքում դրանք գործողության մեջ կմտնեին: Սակայն մինչև այժմ չեն վավերացվել և հայտնի էլ չէ, թե երբ կվավերացվեն»: Նա ընդգծել է, որ սահմանի հնարավոր բացման դեպքում անհրաժեշտություն կա տեղաբնակ ադրբեջանցիների սիրտը շահել, քանի որ ընթացած բանակցություններում ադրբեջանական «գրավյալ հողերից» հայկական զինուժի դուրս բերման պայման կար: Միևնույն ժամանակ Կարսի նահանգապետը նշել է, որ սահմանի բացումն անսովոր հրճվանք կպատճառի իրենց: Ըստ նրա` այժմ օրակարգում Կարսի Աքքայա շրջանում գտնվող Դողուքափը սահմանդռան հարցը: «Ենթադրում եմ, որ այդ հարցը երկու երկրների խորհրդարաններում դիտարկվել է: Այս պահին Դողուքափըում որևէ աշխատանք չի տարվում: Եթե Հայաստանի և Թուրքայի միջև համաձայնություն լինի և սահմանադուռը բացվի, ապա մեկ ամսում հնարավոր է պատրսատի վիճակի բերել: Ցամաքային և երկաթգծային ճանապարհներըմեզ մոտ ուղղակի բարիկադավորված են: Սահանի բացման դեպքում մեր կողմից ուրիշ խնդիր չկա, հաղորդակցության ուղիները շատ հարմար վիճակում են»: Նա նաև տեղեկացրել է, թե իրենց հայտնի է, որ հայկական կողմում գտնվող երկաթուղային ճանապարհը խիստ անբարվոք վիճակում է: Կարսի նահանգապետը հայտնել է, որ տեխնիկական անձնակազմ են ձևավորում համապատասխան հետազոտություն իրականացնելու համար և մեկ շաբաթում պիտի պատասխանեն հարցում արած թուրքական գերատեսչություններին:

No comments: