Tuesday, July 6, 2010

Ադրբեջանական զինուժից Հայաստանին պետք է մտահոգի միայն օդուժը. Վերլուծաբան

Tert.am. 6-7-2010- Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տարբերություններին, ինչպես նաև երկու երկրների զինված ուժերի որակական և քանակական հատկանիշների մասին այսօր զեկույց ներկայացրեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը։ Շեշտելով, որ Ադրբեջանը միայն այս տարի 2 մլրդ դոլար է ծախսել իր զինված ուժերի վրա՝ Կիրակոսյանն ընդգծեց, որ դա Ադրբեջանին դարձնում է տարածարջանում անկայության սպառնալիք։ Միևնույն ժամանակ, վերլուծաբանը ներկայացրեց այն որակական տարբերությունները, որոնք կան երկու երկրների զինված ուժերի միջև։ «Եթե Ադրբեջանը պատերազմ հայտարարի, տանուլ կտա։ Եվ երկրորդ, ադրբեջանական հարձակումը վատ ազդեցություն կունենա Ադրբեջանի ապագայի վրա՝ վտանգելով այդ երկրում նավթի և գազի արտադրությունը»,– ասաց Ռիչարդ Կիրակոսյանը։ Ըստ նրա, պատրաստվածության և ռազմական գործողությունների առումով Ադրբեջանը ցածր մակարդակի վրա է։ Բացի այդ, ըստ Կիրակոսյանի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խիստ տարբերվում է Հայաստանի պաշտպանության նախարարությունից նրանով, որ Ադրբեջանի ՊՆ–ն «որպես կառույց կոռումպացված է»։ Ռիչարդ Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի պաշտպանության նախարարության հինգ առավելությունները՝ մարտունակություն, ռազմական պատրաստվածություն՝ թրեյնինգների միջոցով, վերահսկողություն՝ հրամանատարական լավ վիճակ, բարոյահոգաբանական ավելի լավ վիճակ և լավ ռազմավարական փորձ։ Կիրակոսյանի համոզմամբ, այս հինգ առավելությունները Հայաստանի ՊՆ–ն ավելի ուժեղ են դարձնում ոչ միայն Ադրբեջանի, այլև Վրաստանի ՊՆ–ից. «Հայաստանը շարունակում է մնալ դոմինանտ տարածաշրջանում»։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերի մեծ քանակին, ապա դրան վերլուծաբանը հակադրում է հայկական զինված ուժերի որակական հատկանիշները՝ միաժամանակ ավելացնելով, որ ռազմավարական առումով ՀՀ ՊՆ–ն 21–րդ դարի պատերազմի է պատրաստվում, իսկ Ադրբեջանը՝ նապոլեոնական շրջանի մեթոդներով է նախապատրաստվում։ Որպես Ադրբեջանի առավելություն՝ Ռիչարդ Կիրակոսյանը շեշտեց հրետանու առկայությունը, բայց անմիջապես ավելացրեց, որ այն շատ հին է։ «Ադրբեջանի հրետանին այն ժամանակվանից է, երբ Բրեժնևը կոմսոմոլ էր»,– ասաց նա։ Վերլուծաբանը հայտարարեց նաև, որ Հայաստանին Ադրբեջանի զինված ուժերից պետք է մտահոգի միայն օդուժը։ «Չնայած ադրբեջանական 4 օդուժից միայն մեկն է գործունակ և մյուս երեքը, այսպես ասած, «զապչաստ են» ծառայում այդ մեկի համար, ես ավելի մտահոգված եմ Հայաստանի և Ղարաբաղի օդուժի բացակայության և այն պատճառով, որ այն գտնվում է օտարերկրյա հսկողության տակ»,– նշեց ՌԱՀՀԿ ղեկավարը։

No comments: