Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և նրան ուղեկցող պատվիրակությանը: ԱՄՆ պետքարտուղարը Երևանում է գտնվում Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակում:
Հանրապետության նախագահը, ողջունելով բարձրաստիճան հյուրին, ասել է. “Ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի երկար սպասված այցը Հայաստանի Հանրապետություն մեծ նպաստ կբերի հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում, նաև կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը:
Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Միացյալ Նահանգների Անկախության տոնի կապակցությամբ, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, բարօրություն և հետագա բարգավաճում: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը, անձամբ Ձեզ` Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող քաղաքական, տնտեսական և տեխնիկական օժանդակության համար: Կուզենայի առանձնացնել հատկապես երկու հանգամանք. Միացյալ Նահանգները երկար տարիների ընթացքում իր ներդրումն է բերել ԼՂ խնդրի կարգավորման գործում: Այսօր հայ ժողովրդի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը ԼՂ հիմնահարցի` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան լուծումն է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի իր պատմական տարածքում ազատ տնօրինելու իր ճակատագիրը և զարգանալու: Այս իրավունքն անքակտելի է, և այս իրավունքի իրացման շնորհիվ է, որ այսօր աշխարհում շատ ժողովուրդներ իրենց երջանիկ են զգում: Շնորհակալ եմ այդ հարցում ձեր օժանդակության և ջանքերի համար: Շնորհակալ եմ նաև Նախագահ Օբամայի և Ձեր ջանքերի համար` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում: Չնայած նրան, որ թուրքերը պատրաստ չէին և այսօր էլ պատրաստ չեն առանց նախապայմանի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու, մեզ համար չափազանց կարևոր է զգալ Միացյալ Նահանգների վարչակազմի վերաբերմունքն այս խնդրի վերաբերյալ: Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը խորապես շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ իր հարաբերություններն ամրապնդելու հարցում: Այս հարաբերությունների բարձր մակարդակը մենք դիտարկում ենք որպես մեր երկրի տնտեսական, քաղաքական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման համար կարևորագույն գործոններից մեկը: Շնորհակալ եմ և բարով եք եկել”:
Ի պատասխան, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, թե իր համար մեծ պատիվ և հաճույք է գտնվել Հայաստանում, և հատկապես հաճելի է այսօր այստեղ գտնվել, երբ ԱՄՆ-ը նշում է իր Անկախության տոնը. “Վաղը նաև ձեր Սահմանադրության օրն է. ևս մեկ կապ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև: Շնորհակալություն Ձեր բարի խոսքերի համար` Հելսինկիի սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում
ԱՄՆ վարչակազմի և նախագահ Օբամայի կողմից գործադրած ջանքերի համար: Ես անձամբ իմ անունից ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել Թուրքիայի հետ Ձեր երկրի հարաբերությունները բարելավելու գործում Ձեր անձնական ներդրման համար: Ինչպես մեր նախկին հանդիպումների ընթացքում քննարկել ենք, ԱՄՆ-ը, անշուշտ, շահագրգռված է հիմնախնդրի լուծման հարցում: Մենք շարունակում ենք հավատացած լինել, որ այդ հարցերի լուծումը, ընդհանրապես նաև տարածաշրջանի զարգացման ու նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից, բխում է Հայաստանի ժողովրդի շահերից: Շնորհակալություն ինձ և իմ պատվիրակությանն այստեղ ջերմորեն ընդունելու համար: Ես մեծ ակնկալիքներով եմ սպասում մեր հետագա հանդիպումներին”,-ասել է Հիլարի Քլինթոնը:
Ի պատիվ բարձրաստիճան հյուրի, նախագահի նստավայրում տրվել է աշխատանքային ընթրիք, որից հետո տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մամուլի ասուլիսը:
Տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Monday, July 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment