Tuesday, July 6, 2010

Ա.Արեշև. «Քլինթոնի` Թուրքիայի հասցեին հնչեցրած հայտարարությունները դիվանագիտական մշակույթի մաս են»

Panorama.am. 6-7-2010- «Քլինթոնի այցն արտաքուստ կարծես աննկատ էր, սակայն ակնհայտ է, որ այն հարցերը, որ նա քննարկեց հարավկովկասյան պետությունների մայրաքաղաքներում լուրջ դերակատարություն են ունենալու տարածաշրջանի ապագայի հարցում»,- մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի այցը Panorama.am-ին ասաց ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրեյ Արեշևը: Ի դեպ, կարծես իմիջիայլոց, բայց հիշեցման կարգով նա նշեց, որ նախքան 2008թ-ի օգոստոսին Հարավային Օսիայում ռազմական գործողությունների մեկնարկը, Թբիլիսի էր այցելել Հիլարի Քլինթոնի նախորդը` տիկին Քոնդոլիզա Ռայսը… Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, ապա ըստ քաղաքգետի Քլինթոնի հայտարարություններն այդ կոնտեքստում կրում էին լղոզված բնույթ: Ա.Արեշևից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն հանգամանքը, որ պետքարտուղարը չայցելեց Թուրքիա, սակայն չխուսափեց հայ-թուրքական հարաբերությունների մասով արտահայտել իր դիրքորոշումը. «Իմ կարծիքով Թուրքիայի հասցեին արված հայտարարությունները դիվանագիտական մշակույթի մաս են»,- նշեց նա ու ավելացրեց, որ միայն դրանցով ենթադրել, թե իրականում ի՞նչ են մտածում ԱՄՆ-ում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, երբ սկիզբ են դրել մի գործընթացի առանց համապատասխան հիմքերի, առանձին թեմա է: Անդրադառնալով Քլինթոնի Ծիծեռնակաբերդ կատարած այցին` Ա.Արեշևը ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ նմանատիպ բարձրաստիճան մակարդակի այցերի ժամանակ պաշտոնյաները միշտ էլ այցելում են հուշահամալիրը, ինչպես և Բաքվում, օրինակ, այցելում են Շահիդների պուրակը, Թբիլիսիում`Ռուսական օկուպացիայի թանգարանը: « Հայկական հարցը ամերիկա-թուրքական հարաբերություննեի կոնտեքստից ոչ մի տեղ չի չքվի, սակայն մեծ է հավանականությունը, որ այս հարցում Վաշինգտոնն Անկարային կփորձի ճնշել երրորդ երկրների միջոցով. ինչպես դա եղավ Բուլղարիայում և Շվեցիայում »,-ասաց քաղաքագետը:

No comments: