Saturday, July 3, 2010

ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏԵՆՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Որովհետեւ միջազգային դատարանում կարող ենք հայտնվել նաեւ պատասխանողի դերում «ԱԶԳ», 03-07-2010- «Եթե այսօր Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ունե՞նք միասնական դիրքորոշում, թե ինչ ենք պահանջելու», երեկ` «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» միջազգային համաժողովի ընթացքում նման մտահոգություն հայտնեց Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ Արա Աբրահամյանը : Հիշեցնենք, ինչպես երեկ տեղեկացրել էր «Ազգը», վերոհիշյալ խորագրով համաժողովը կազմակերպվել էր Գիտությունների ազգային ակադեմիայում` ՀՀԿ-ի, Սփյուռքի նախարարության եւ ԳԱԱ-ի նախաձեռնությամբ: Համաժողովը նպատակ ունի սկսել գործընթաց` հստակեցնելու Հայաստանի, ողջ հայության միասնական դիրքորոշումը պահանջատիրության հարցում, ինչպես նաեւ հավաքագրել եւ կազմել համապատասխան փաստաթղթեր` միջազգային դատարան դիմելու համար: Այս նպատակով համաժողովը հրապարակեց ուղերձ, որով առաջարկվում է. «Մինչեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը մշակել համապարփակ ծրագիր, որը կնախանշի Հայ դատի եւ հայոց պահանջատիրության վերաբերյալ համայն հայության միասնական դիրքորոշումը, բոլոր պետություններին այն հասցնելու միջոցներն ու ձեւերը, ինչպես նաեւ կներկայացնի միասնական համակարգված գործողություններ ինչպես Հայաստանում, այնպես էլՙ այլ պետություններում, Սփյուռքում: Ծրագրի մշակման եւ համակարգման նպատակով ՀՀ նախագահին առաջարկել իր գլխավորությամբ ստեղծել պետական հանձնաժողով, որին էլ կից` ստեղծել խորհուրդ: Վերջինս իր գործունեությունը կիրականացնի մի քանի ուղղություններով` տեղեկատվական-քարոզչական, վերլուծական, գիտակրթական, լոբբիստական եւ այլն: Այս խորհուրդն էլ կստեղծի համապատասխան փորձագիտական հանձնախմբեր, ինչպես տարբեր ծրագրերի իրագործման, այնպես էլՙ միջազգային դատական ատյաններ դիմելու հետ կապված ընթացակարգը եւ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը մշակելու համար»: Այս ծրագրերի իրականացման համար առաջարկվում է ստեղծել հիմնադրամ, որն իր միջոցները կլրացնի հայկական բոլոր կառույցների եւ անհատների նվիրատվություններից. «Ես անձամբ պատրաստ եմ անհրաժեշտ ներդրում ունենալ հիմնադրամում», նշեց Արա Աբրահամյանը: Համաժողովում ելույթ ունեցած բոլոր մասնակիցները, որոնց թվումՙ գիտնականներ, իրավաբաններ, հասարակական գործիչներ ու գրողներ` Հայաստանից եւ մի շարք երկրներից, փաստեցին, որ միասնական դիրքորոշում պահանջատիրության հարցում հայերը չունեն. «Առաջին հարցն այն է, թե ի՞նչ է մեր պահանջը,- ասաց Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Կիրակոսյանը , - պետք է հստակեցվի այն: Պետք է ակտիվ քարոզչություն տարվի. այստեղ ներկայացված են հրաշալի գրքեր, սակայն, իմ կարծիքով, արդի աշխարհը «գրքով չի զբաղված», մենք պետք է ֆիլմեր, հեռուստահաղորդումներ, ցուցահանդեսներ կազմակերպենք: Եվ բացի այդ, որքան էլ մենք բարձրաձայնենք 1,5 մլն հայ զոհերի, մեր նյութական վնասների մասին, աշխարհի վրա դա որեւէ ազդեցություն չի ունենա. Ցեղասպանությունը պետք է «մատուցենք» որպես համամարդկային պատմության մասնիկ, այդ դեպքում միայն կլինեն արդյունքներ»: Որպես «մարդկության ներկայացուցիչ»ՙ հանդես եկավ Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Ղասան Մուխայբերը . «Ես հայ չեմ, լիբանանցի եմ եւ ուզում եմ բարձրաձայնել Ցեղասպանության մասին: Լինելով իրավաբան` կփորձեմ խոսել հարցի իրավական նշանակությունից: Իրականում ներկայիս Թուրքիան, Օսմանյան կայսրության իրավահաջորդը լինելով, նրա արարքների համար պատասխանատու է, իսկ Հայաստանի կառավարությունը` որպես «զոհ հայերի» իրավահաջորդ, պետք է հայցով դիմի միջազգային դատարան: Նկատենք, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Թուրքիան ստորագրել են Ցեղասպանության կոնվենցիան: Այնուամենայիվ, ըստ իս, պետք է մշակվեն բոլոր քայլերն ու միջոցները, քանի որ սա նուրբ իրավական եւ քաղաքական հարց է: Մի բան շեշտեմ նաեւ, որ սա հայերի հարցը չէ. սա համամարդկային հարց է», եզրափակեց լիբանանցի պատգամավորը (հիշեցնենքՙ Լիբանանը միակ արաբական երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` 1997-ին - Հ. Ա.): Միջազգային դատարան դիմելու, իսկ դրանից առաջ` միջազգային հանրությանը ճշմարտությանը ծանոթացնելու առումով մեր «ձեւերը» հնացած են, այսպես է կարծում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը : «Մենք այսօր լուրջ խնդիր ունենք փաստերի, լուսանկարների հավաքչության առումով. Հայաստանում դեռ կան լուսանկարներ, որոնք չեն հրապարակայնացվել: Առհասարակ կարծում եմ` բոլոր ասպարեզներում էլ դեռ հսկայական անելիքներ ունենք», նշեց Դեմոյանը: «Մենք նաեւ պետք է խոսենք մշակութային ցեղասպանության մասին, պատմության կեղծման մասին, որն էլի ցեղասպանություն է: Այսօր Ցեղասպանությունը շարունակվում է, ապացույցըՙ մեր փակ սահմանները, Հրանտ Դինքի սպանությունը... Թուրքերը պետք է գիտակցեն, որ այսօրվա հայը 20-րդ դարի հայը չէ` հյուծված, հալածված, այսօրվա կիրթ հայն իր պատմության եւ իրավունքների տերն է», ընդգծեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը : Իսկ ի՞նչ իրավունքներ ունենք, կարո՞ղ ենք իրոք դիմել միջազգային դատարան, եւ եթե այո, ապա ո՞ր դատարան: Այս հարցերի պատասխանը տվեց իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրագետ Վլադիմիր Վարդանյանը . «Նախ նշեմ, որ հայկական ԶԼՄ-ներով սխալ է ներկայացվում, թե Ցեղասպանության հայցը կարող է քննել Հաագայի միջազգային քրեական դատարանը: Վերջինս իրավասու է քննելու միայն ֆիզիկական անձանց գործեր: Ինչ վերաբերում է մեր հավանական հայցին... Նկատենք, որ Թուրքիայի պատասխանատվության միակ հիմքն այն է, որ այդ երկիրը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, հետեւաբար` պատասխանատու: Այս կապակցությամբ մենք կարող ենք դիմել, օրինակ, այս երեք մարմիններին` ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեա, Անվտանգության խորհուրդ եւ ՄԱԿ-ի Միջազգային դատարան: Գերագույն ասամբլեան բացի ոչ պարտադիր, բարոյական բանաձեւից, ոչինչ ավել չի կարող ընդունել, բացի այդՙ ասամբլեան չպետք է զբաղվի բացառապես իրավական խնդիրներով: Այսինքնՙ այս տարբերակն այդքան էլ արդյունավետ չէ: Լավագույնը, թերեւս, միջազգային դատարանն է, որտեղ հայց ներկայացնելու համար, սակայն, հայցվոր պետությունը պետք է ունենա պատասխանողի համաձայնությունը, ինչը Թուրքիայի պարագայում տրամաբանորեն սպասելի չէ: Սակայն Ցեղասպանության կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն, կարելի է քննել գործն առանց պատասխանողի համաձայնության, եթե այն վերաբերում է Ցեղասպանության քննությանը, իսկ Թուրքիան, երբ ստորագրում էր այս կոնվենցիան, որեւէ վերապահում չի մտցրել, հետեւաբար այս տարբերակը կարող է անցնել: Միակ «թերությունը» Ցեղասպանության կոնվենցիայի հետադարձ կիրառելիության խնդիրն է, բացի այդ, շատ ավելի արդյունավետ կլինի այն տարբերակը, որ մենք ոչ թե Ցեղասպանության համար Թուրքիային պատասխանատվության կանչենք, այլ հայց ներկայացնենքՙ կապված Ցեղասպանության հետեւանքով տեղի ունեցած իրավախախտումների հետ: Ես չգիտեմՙ նպատակահարմա՞ր է արդյոք մեր հայցը միջազգային դատարան, բայց ես հաստատապես գիտեմ, որ մենք պետք է պատրաստենք բոլոր համապատասխան փաստաթղթերը, քանի որ հնարավոր է, որ մենք ինքներս հայտնվենք պատասխանողի դերում` միջազգային դատարանում», եզրափակեց Վարդանյանը: Իսկ ինչպե՞ս է նախապատրաստվում Անկարան հայ-թուրքական հավանական դատական «հակամարտությանը», եւ պատրաստվո՞ւմ է արդյոք: Այս առիթով հետաքրքրական էր ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի զեկույցը. «Մենք չպետք է մոռանանք, որ այս պայքարը մենք ծավալում ենք դիվանագիտական եւ կեղծարարական մեծ փորձ ունեցող մի երկրի դեմ: Թուրքիայում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն իր հաճախակի նիստերն անցկացնում է այդ երկրի Անվտանգության խորհրդում, որը Թուրքիայի ամենաբարձր կառավարման մարմինն է: Այդ հանձնաժողովը ժամանակին քննարկում էր հարցեր, թե կլինի՞ որեւէ վտանգ, եթե Հայաստանը դիմի միջազգային դատարան, եւ բացի այդ` արդյոք ավելի նպատակահարմար չէ՞, եթե Թուրքիան այս հարցում նախահարձակ լինի` առաջինը դիմելով: Հանձնաժողովը նախապատրաստել է երկու փաթեթ, որի նախապատրաստմանը մասնակցել են միջազգային իրավունքի մասնագետներ, սակայն որոշում է կայացրել «դեռեւս զերծ մնալ ակտիվ գործողություններից», սա նշանակում է, որ Անկարան ունի հստակ «ընդդեմ ծրագիր»: Այս կապակցությամբ Սաֆրաստյանն առաջարկեց ստեղծել եւս մեկ` հարակից խումբՙ «Թուրքիային ամեն օր ուսումնասիրելու համար». «Մենք էլ պետք է ունենանք «մեր փաթեթները»: Կարծում եմ նաեւ, որ բոլոր ստեղծվելիք հանձնաժողովները պետք է խիստ կոորդինացված աշխատեն, իսկ երբեմն էլ նաեւ գաղտնի», եզրափակեց Սաֆրաստյանը: «Կարծում եմ, որ այս նախաձեռնությանը պետք է միանան նաեւ ԱԺ-ն, ՍԴ-ն, ինչպես նաեւ Սփյուռքի մեր կառույցները` այդ թվում Մեծի տանն Կիլիկիո հայոց կաթողիկոսարանը», ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանը ` հավելելով, որ ընդհանուր առմամբ իրենք կողմ են հրապարակված ուղերձի բովանդակությանը: Ուղերձի բովանդակությանն իրենց առաջարկություններով կողմ արտահայտվեցին նաեւ ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը , որն առաջարկեց շատ ավելի լուրջ ուշադրություն դարձնել փորձագիտական միջավայրի ստեղծմանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, որն ուրախությամբ նկատեց, որ վերջապես ճիշտ է դրված խնդիրը. «Ոչ թե ճանաչում եւ դատապարտում, այլ նաեւ հատուցում». «Կարեւոր է մեզ համար շեշտելը, որ Ցեղասպանությունն իրականացվել է հայերիս` հայրենազրկելու նպատակով», ընդգծեց Մելքոնյանը: Համաժողովում ելույթ ունեցան նաեւ սփյուռքահայ տարբեր գործիչներ, գրողներ, մասնավորապես Բոխումի (Գերմանիա) համալսարանի Ցեղասպանության եւ սփյուռքի ինստիտուտի տնօրեն Միհրան Դաբաղը , լիբանանահայ գրող Սարգիս Կիրակոսյանը , սիրիահայ հասարակական գործիչ եւ գրող Թորոս Թորանյանը , որը կոչ արեց սփյուռքին «համախմբվել հայոց պետականության կողքին, որովետեւ այն «հայկական ձայնն» է աշխարհում», «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը , այլ իրավաբաններ, գործիչներ: Իսկ ռուս գործիչ Ալեքսանդր Զախարովը մտահոգություն հայտնեց հայկական քարոզչության ցածր ակտիվությունից. «Մենք Ռուսաստանում հսկայական արխիվներ ունենք, կարող ենք բազմաթիվ գրքեր հրատարակել, որը սակայն ֆինանսական պատճառներով չենք կարողանում անել: Իսկ, օրինակ, ադրբեջանցիները «փայլում» են այս ոլորտում: Պետք է ճիշտ բացատրել եւ ներկայանալ աշխարհին», եզրակացրեց Զախարովը: «Ես այսօր (հուլիսի 2-ին - Հ. Ա.) հանդիպելու եմ նախագահ Սերժ Սարգսյանին, ու նրան կփոխանցեմ, որ համաժողովը կայացավ: Վստահ եմ, որ նախագահի արձագանքները մեր առաջարկներին երկար սպասել չեն տա եւ դրական կլինեն: Ուզում եմ նաեւ շեշտել, որ մեր համաժողովն անպայման շարունակություն կունենա, եւ հոկտեմբերին մենք նորից կհանդիպենք` այս անգամ արդեն քննարկելու կոնկրետ առաջարկությունները եւ ձեւավորելու աշխատանքային պլան: Բոլորս պետք է միասնաբար, ամեն ժամ աշխատենք այս ուղղությամբ, որպեսզի հասնենք արդյունքի: Ինչո՞ւ ոչ, եթե պետք է, կարելի է աշխատել նաեւ միջազգային ինչ-ինչ օրենքները փոփոխելու ուղղությամբ: Եկեք բոլորս հանդես գանք միասնաբար», համաժողովը եզրափակեց Արա Աբրահամյանը : ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: