Saturday, July 17, 2010

ՎԱՐՈՒԺԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՌՈՒՄԻՆԱԼԵԶՈՒ «ՇՇՈՒԿՆԵՐԻ ՄԱՏՅԱՆԸ»` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ռումինիայի հայ համայնքը վաղուց կազմավորված հին համայնքներից մեկն է աշխարհում: Առաջին անգամ հայերն այստեղ են եկել 9-10-րդ դարերում: Ռումինիայի պատմությունը լեցուն է բարձր ու կարեւոր հետք թողած հայ անհատներով, կարեւոր պաշտոններ ու դերակատարություն ունեցած հայերով: Գրող Վարուժան Ոսկանյանը Ռումինահայոց միության նախագահն է, Ռումինիայի Սենատի անդամ, ֆինանսների նախկին նախարար: Նա հեղինակել է մի բացառիկ աշխատություն, գիրք, որտեղ փորձել է հավաքել ու աշխարհին ներկայացնել Հայոց ցեղասպանությունը տարբեր մարդկանց պատմություններով: Վարուժան Ոսկանյանն «Ազգի» հետ զրույցում պատմում է գրքի, դրա պատրաստման աշխատանքների մասին: - Պրն Ոսկանյան, ինչի՞ մասին է ռումինական մամուլում բավականին արձագանք ստացած ձեր «Շշուկների գիրքը»: - Գրքի անունը «Շշուկների մատյանը» պիտի լինի, ոչ գիրք, այլ մատյան, ինչպես Նարեկացու Մատյան ողբերգությանը, քանի որ այդպիսի գիրքը ոչ միայն կարդալու, այլեւ փրկելու համար է: Գիրքը սկսվում ու ավարտվում է իմ ընտանիքի պատմությամբ, իմ ընտանիքով, բայց գիրքը միայն ընտանիքի պատմություն չէ, այլ վերաբերում է հայ ժողովրդի ճակատագրին: Գիրքը միայն հայերի մասին չէ: Այստեղ ներկայացված են նաեւ հրեաներ, ռումինացիներ, այլ ազգերի ներկայացուցիչներ: Պատմվում է, թե ինչպես իմ ընտանիքը Ռումինիա հասավ, ինչ կյանքով ապրեց իմ մեծ հայրը, ինչպես տանջվեցին, ինչպես 20-րդ դարասկզբի այդ նույն ժամանակահատվածում բազմաթիվ մարդիկ չապրեցին այդ տարիները, այլ միայն տանջվեցին: Բայց գիրքը բարկությամբ չի գրված, մարդկանց թշնամացնելու մոտեցում չունի, այլ փորձ է բացատրելու, որ քո աչքերի արցունքները խոչընդոտ չպետք է լինեն տեսնելու այլոց աչքերի արտասուքը: Կարող եմ ասել, որ գլխավոր պերսոնաժը 20-րդ դարն է` իր բոլոր վատ նորություններով, տիեզերական պատերազմներով, ցեղասպանությամբ: Այս գրքում մեր ամենակարեւոր դեպքերն են նկարագրված, տանջանքները, Դեր Զորում հայ ժողովրդի զոհողությունը, այսպես կոչված յոթ աստիճանները դեպի մահ` բոլոր այն տեղերի ու դեպքերի նկարագրությամբ, որտեղ զոհվել են հայերը: Ապա պատմվում է Արմեն Կարոյի «Բանկ Օտոմանի» պատմությունը, «Նեմեսիսի» պատմությունը, քանի որ «Նեմեսիսի» հերոսներից երկուսը` Միսաք Թոռլաքյանն ու Արամ Երկանյանը ժամանակին եկել են Ռումինիա: Թոռլաքյանը նաեւ այս գրքի հերոսներից մեկն է: Պատմվում է նաեւ Դանիել Վարուժանի զոհվելու մասին, նշելով, որ շատ անգութ պայմաններում սպանվեց, բայց մարմինը չգտնվեց, այնպես որ մենք կհուսանք նրա հարությունը: Ապա պատմվում է Կոմիտասի, Զոհրապի մասին... - Լրջագույն մի աշխատանք է կատարվել, ինչպես երեւում է, տարբեր նյութեր ու տեղեկություններ են ներկայացվում գրքում միասին: - Այդ գրքում կարելի է գտնել 20-րդ դարում հայ ժողովրդի էությունը, ինքնությունը: Ներգաղթի մասին էլ եմ պատմում, երբ Ռումինիայից որոշ հայեր եկան Հայաստան 1946-ին: Եթե վերցնենք որեւէ հայ ընտանիք աշխարհի որեւէ տեղում ու նկարագրենք նրա պատմությունը, կտեսնենք, որ նրա պատմությունը ողջ հայ ժողովրդի պատմությունն է: Այս գիրքը զանազան ձեւեր ունի. կարող ես միայն իր երաժշտությունը լսել մեր շարականներից Սայաթ-Նովայով մինչեւ «Զիմ Կիլիկիա», կամ «Դլե յաման», կամ «Կռունկ»... կամ կարող ես բուրմունքներին հետեւել... բաստուրմայի, քաղցրեղենի, կամ գույները... Պատմում եմ զանազան անձնավորությունների մասին, իրենց կյանքը. սովորական մարդիկ` հերոսական կենսագրությունով: Կա Գրիգոր Զոհրապի որդին` Լեւոն Զոհրապը, որ եկավ Ռումինիա, Միքայել Նորադուզյանը եւ այլք: Շատերը կան, բոլորին չեմ թվի, ուղղակի բոլորին ներկայացրել եմ այս գրքում: - Գրքում այդքան պատմությունների ներկայացումն արխիվային ու տարիների աշխատանք է պահանջում: Ի՞նչ արխիվներ են օգտագործվել այս պատմությունները ներկայացնելու համար: - Շատ տարիների ընթացքում են հավաքվել այս փաստերը: Ես վստահաբար կարող եմ ասել, որ այս գրքում ամեն ինչ իրական է: Այսինքնՙ ամեն ինչ, հայերի նման, ունի իր համապատասխան փաստաթուղթը, համապատասխան վկայականը կամ մեկը, որ կենդանի է ու կարող է փաստել: Նյութերը տարբեր երկրներից են հավաքվել, Փարիզի Հայ սփյուռքի հետազոտության կենտրոնից, տարբեր ժամանակների ու երկրների մամուլի հրապարակումներից, Գերմանիայում պահվող փաստաթղթեր ու վկայականներ, վկայություններ ցեղասպանության տարիների, հայերի աքսորների մասին, տարբեր գրքեր, աշխատություններ, մեր տարեցների հետ անձնական հանդիպումներ ու գրառված նրանց պատմությունները: - Ե՞րբ ծագեց այդ գիրքը գրելու միտքը, եւ որքա՞ն տեւեց նյութերի հավաքումը: - Կարող եմ ասել, որ հենց ծնվեցի, սկսեցի գրել այդ գիրքը, քանի որ այդ գրքում հավաքել եմ բոլոր հիշողությունները: Սկսեցի շարադրել 2003-ից մինչեւ 2008-ը: 2006-ին մաս կազմեցի Ռումինիայի կառավարությանը որպես նախարար եւ մտածեցի, որ քանի դեռ նախարար եմ, չպետք է տպագրեմ այս գիրքը, քանի որ որպես նախարար ուրիշ պատասխանատվություններ կանՙ դիվանագիտական ու քաղաքական բարձր մակարդակներով: Միեւնույն ժամանակ ես գերմանական, նաեւ թուրքական միջպետական տնտեսական հանձնաժողովի նախագահն էի, Եվրոպական միության ամենաբարձր մարմինների մասն էի կազմում: Մտածեցիՙ չխառնեմ գործերը, որովհետեւ այս գիրքը ճշգրտորեն եւ հստակորեն պատմում է, թե ինչ եւ ինչպես եղավ, չի փորձում հանցավոր գտնել, որեւէ մեկին որպես մեղավորի մատնացույց անել: Բայց ամեն ինչ պատմվում է, թե ինչ տեսակ մարդիկ էին Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, ինչ տեսակ մարդիկ էին նրանք, որ պատժվեցին` Արմեն Կարոյից մինչեւ Սողոմոն Թեհլերյանը, ինչ տեսակ մարդիկ էին նրանք, որ երազեցին պատերազմից հետո հայկական լեգեոն կազմել ու փրկել Հայաստանը, ինչ հույսերով հայերը ներգաղթեցին Հայաստան, ինչպես մեծ հայրս պատերազմից հետո հուսաց, որ արդեն այդ վրեժ լուծելու հարցերը վերջացան, ու մարդկությունը այլ ձեւեր պիտի գտնի, որ ցեղասպանությունը ճանաչվի եւ անկախ մի Հայաստան կազմվի: Պատմությունը սկսվում է 1890-ին, երբ Միսաք Թոռլաքյանը ծնվեց Տրապիզոնում, եւ մեծ հայրս ծնվեց 1883-ին, եւ վերջանում է 1968-ի նոյեմբերին, երբ մահացան ե՛ւ Թոռլաքյանը, ե՛ւ մեծ հայրս: Գիրքը լույս է տեսել անցյալ տարի: Ռումինիայում տարիների ընթացքում որեւէ գիրք այդպիսի հաջողություն չէր ունեցել, ինչպես այս մատյանը: Մի քանի մրցանակներ է ստացել, Ռումինիայի գրական բոլոր մրցանակները, բացի Գրողների միության մրցանակից, որը ես մերժեցի, քանի որ Գրողների միության առաջին փոխնախագահն եմ: - Գրական մրցանակներից զատ, ինչպիսի՞ն էր արձագանքը Ռումինիայում գրքի բովանդակության առնչությամբ: - Իմ գոհունակությունն այն է, որ այսքան տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության մասին Ռումինիայում 1000 էջից ավելի գրվեց գրեթե բոլոր թերթերում` ի դեմս այս գրքի: Մինչեւ այդ Ռումինիայում չէինք հաջողում քաղաքական կամ այլ ճանապարհներով այն, ինչ հաջողվեց անել մշակույթի միջոցով: Գիրքն ունի մոտ 500 էջ, բայց կրկնապատիկը գրվեց գրքի մասին: Գիրքը դեռ արտերկրում լույս չի տեսել, քանի որ թարգմանությունը դյուրին չէ. գրքում բավականին հայերեն բառեր կան, որոնք գրված են իտալիկով` անուշապուր, մանչ, մայր... եւ թարգմանիչը պետք է դրանց առնչությամբ աշխատի: Հիմա թարգմանվում է իսպաներեն եւ լույս կտեսնի հաջորդ տարեսկզբին: Անգլերենը դեռ չի համաձայնեցվել, թե ում հետ եւ որտեղ հրատարակենք: Զարմանալի է, որ Հրեաստանում կա հետաքրքրություն գրքի նկատմամբ: «Հաարեց» թերթը մի ամբողջ էջ էր նվիրել գրքին, նշելով, թե հազվագյուտ գլուխգործոց է, թե այսուհետեւ Հայոց ցեղասպանությունը ունիվերսալ գրականության մեջ ունի մի նկարագրություն: Ինձ համար մեծ գոհունակություն է, որ հրեաները ընդունեցին, որ թարգմանեն այս գիրքը: Իտալերենով պիտի թարգմանվի, նաեւ արաբերեն, սերբերեն: Հիմա բանակցությունների մեջ ենք գերմաներեն եւ ֆրանսերեն թարգմանությունների համար: Հայերենի առումով դժվարություն կա, չենք կարողանում թարգմանիչ գտնել ռումիներենից հայերեն: Ռումինիայում մենք ունենք հայախոս գրողներ, բայց նրանք կարող են հայերենից ռումիներեն թարգմանել: Ռումիներենից հայերեն թարգմանելու համար ես ուզում եմ, որ լինի տեղացի - (հայաստանցի - Ա.Հ.): - Իսկ ինչո՞ւ դուք ինքներդ չեք թարգմանում: - Հաճույքն այն է, որ ուրիշ մեկը թարգմանի, ու այդպես դու ինքդ ավելի լավ հասկանաս գրածդ: Թարգմանությունը հաղորդագրություն է, որ եթե դու թարգմանես, այնպիսի տպավորություն կլինի, թե դու քեզ կգովես: Բայց ես ուզում եմ տեղացի լինի, որ նրբություններն իմանա: Որեւէ մեկը չի կարող ավելի լավ հայերեն իմանալ, ինչպես մեկը, որ այստեղ է ապրել, հայերեն իմացել, համալսարան ավարտել հայերենով: Հիմա Հայաստանի գրողների միության հետ մտածեցինք, որ թարգմանվի, ապա որեւէ մի գրող ավելի կատարյալ դարձնի գեղարվեստական առումով, ապա ես կարդամ: Գոնե այդպես թարգմանենք հայերեն: Իմ կարծիքով, իսկական օրինակը պետք է հայերենը լինի: Բայց ես ռումիներեն գրեցի, ու դա, ըստ էության, արդեն իսկ թարգմանություն էր: - Ինչո՞ւ հայերենով չփորձեցիք գրել, քանի որ այսպես շարունակվելու դեպքում շատերն ուղղակի օտարագիր կդառնան: - Որեւէ լեզվով գրելու համար պետք է ընդարձակ փորձառություն ունենաս, կյանքը լավ ճանաչես, բոլոր մանրամասնություններով: Ես սփյուռքի մեջ եմ ապրել եւ գոնե մեկ հայ գյուղացու չէի ճանաչում մինչեւ 40 տարեկանս, երբ որպես ԵԱՀԿ դիտորդ եկա Հայաստան 1994-ին: Ռումինիայում հայերը քաղաքներում են բնակվում: Իսկ այդ պարագայում ես չէի կարող գտնել ամենահարմար բառերը, թե ինչպես կարող էր հայերենով խոսել հայ գյուղացին: Մյուս կողմից, գիրքը կենդանի է, երբ ընթերցող ունի: Իսկ եթե ոչ մեկը այդ գիրքը չի բացում, կարծես հուսահատվում ես: Դրա համար էլ գրեցի ռումիներեն: Եվ երրորդըՙ պիտի խոստովանեմ, որ Ռումինիայում եմ ավարտել համալսարանը, տարբեր փորձառություններ ունեմ ու ռումիներեն ավելի լավ եմ խոսում, քան հայերեն: Հայերենն ավելի մոտ է ինձ. հայերեն է միտքս ու խոսքս, երբ աղոթում եմ, փաղաքշական մի խոսք ասելիս չեմ կարողանում դա ասել ռումիներեն: Այդպիսի քաղցր բառերը անուշ են ականջին հայերենով: Բայց երբ բառերի բոլոր նրբությունները պիտի կշռեմ, ռումիներենն ավելի հարմար է: Եթե հայերեն գրեի, միջին գրող կլինեի: Մենք պարծենում ենք մեր մեծերով, որ հայալեզու են ներկայացրել իրենց աշխարհը, բայց պարծենում ենք նաեւ, ասենք, Վիլյամ Սարոյանով, Անրի Վեռնոյով, մյուսներով: Ես իմ պարտականությունը կատարեցի ռումիներեն: Մի օր ելույթ էի ունենում հայերենով, հայրս մի կողմ քաշվել, հուզվել էր. հարցրեցի, թե ինչու է հուզվել, ասաց, որ ես իրենից լավ հայերեն եմ խոսում: Ես էլ այդ առումով պարտականությունս կատարել եմ. աղջիկս ինձանից լավ է հայերեն խոսում: Եվս մի պարտականություն ունեմ, որ աշխարհը ճանաչի մեզ ու հիանա, մենք փոքր, մեկուսացած մշակույթ չենք, եւ իմ նպատակն է, որ հարստացնեմ մեր մշակույթը ընթերցողներով: ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «ԱԶԳ», 17-07-2010

No comments: