Tuesday, July 6, 2010

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱԶԳԱՅԻՆԸ

«Լրագիր» 6-7-2010- “Իրավունքի մեր ազգային համակարգի հիմքը գոծում է”: Սահմանադրության տոնի կապակցությամբ հղած իր ուղերձում այդպիսի նախադասություն է գործածում Սերժ Սարգսյանը: Ինչ է նշանակում իրավունքի ազգային համակարգ: Արդյոք իրավունքի ազգային համակարգն այն է, որ ասենք Ազատության հրապարակում խաղաղ նստացույց անելը կամ զբոսնելը, եթե դու ընդդիմադիր հայացքի տեր ես, հասարակական կարգի խախտում է: Կամ իրավունքի ազգային համակարգն այն է, որ բացի այսինչ օլիգարխից, կամ օլիգարխների խմբից, որեւէ այլ մարդ կամ խումբ իրավունք չունի զբաղվել բիզնեսի այս կամ այն տեսակով: Կամ իրավունքի ազգային համակարգն այն է, երբ մարդկանց բանտարկում են ընդամենը մի ոստիկանական ցուցմունքի հիման վրա: Կամ իրավունքի ազգային համակարգն այն է, որ մարդկանց ոստիկանական բաժանմունքներում սպանում են, հետո վերագրում հոգեկան խանգարվածության եւ որակում ինքնասպանություն: Կամ գուցե իրավունքի ազգային համակարգում է միայն, որ ասենք մարդու իրավունքի պաշտպանը երեւույթներին տալիս է ոչ թե իրավական գնահատական, այլ հայտարարում է, որ ընդդիմության մեջ էլ սեւ ու սպիտակ կա, իշխանության մեջ էլ, իսկ բանտերում էլ չկա իր մեղքն ընդունող դատապարտյալ: Միգուցե միայն իրավունքի ազգային համակարգում է հնարավոր, որ ասենք երկրի գլխավոր դատախազը ավելի շատ հասարակական գործունեությամբ աչքի ընկնի, քան երկրի իշխանական համակարգը պատած եւ պետության զարգացմանը խոչընդոտող կոռուպցիայի եւ հանցավորության դեմ պայքարով: Կա արդյոք, գոյություն ունի արդյոք իրավունքի ապազգային համակարգ: Եվ որն է այդ ապազգային համակարգը, եթե այն ունի գոյություն: Գուցե ապազգային է այն իրավահամակարգը, որին փորձում են հղում անել եւ որով փորձում են իրենց գործողություններն ու պահանջները հիմնավորել իշխանությանն ընդդիմադիր քաղաքացիներն ու քաղաքական ուժերը, ինչի համար էլ նրանք ենթարկվում են “ազգային իրավահամակարգի” սահմանները հսկող ոստիկանության ճնշումներին, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի, թե կարող է անպատիժ կերպով դուրս գալ իրավունքի ազգային համակարգի շրջանակից: Որն է ի վերջո ազգային բառի գործածության իմաստը: Կարող է արդյոք իրավունքի համակարգը որակվել ազգային, եթե Հայաստանը պետություն է, որը միացել է իրավունքի հետ կապված միջազգային տարբեր համաձայնագրերի, իսկ դրանք եթե հակասում են Հայաստանի օրենսդրությանը, ապա պետք է լինեն Հայաստանի օրենքից գերակա: Այդպիսի աշխարհակարգում, այդպիսի աշխարհակարգին միացած պետությունում իրավունքի ինչ ազգային համակարգ: Իրավունքը ազգային, թե համամարդկային երեւույթ է, հասկացություն է, արժեք է: Գուցե արժե, որ նախագահական ուղերձի այդ դրույթը հստակեցնեն Հայաստանում աշխատող բազմաթիվ փորձառու իրավաբանները, փորձելով հասկանալ, ու հասարակությունն էլ հասկանալիորեն բացատրել, թե կարող է արդյոք 21-րդ դարի գլոբալացվող աշխարհում լինել իրավունքի ազգային համակարգ, ու արդյոք իրավունքը “ազգայնացնելով” չէ, որ երկրում կեղծվում են ընտրությունները, սահմանափակվում է խոսքի ազատությունն ու բազմակարծությունը, հետապնդվում է այլախոհությունն ու ընդդիմադիր գործունեությունը, խախտվում են քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները, քաղաքացին վերածվում է ընդամենը իշխանությանը տիրող կլանների սպասավորի: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: