Sunday, August 22, 2010

«Հեքիաթների աշխարհում». Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Սփյուռքի շուրջ 200 երեխայի աշխատանքներ Գեղագիտության ազգային կենտրոնում

«Panorama.am», 21.08.10թ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը այս տարի առաջին անգամ կազմակերպել է «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոն, որի շրջանակում այսօր Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է մանկական նկարի ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Սփյուռքի շուրջ 200 երեխայի աշխատանքներ: Ըստ ԿԳՆ պաշտոնական կայքի` ցուցահանդեսի նպատակն է` նպաստել Սփյուռքում մանկական ստեղծագործական գործունեությանը և առավել շնորհալի մանուկների հայտնաբերմանը, ինչպես նաև խրախուսել հայկական մանկական գրականության իմացությունը և հետաքրքրությունը գեղանկարչության հանդեպ: Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունել են Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լ. Իգիթյանը, ՀՀ մշակույթի նախարարության և «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչները: Հայկական հեքիաթներին նվիրված մրցույթ-փառատոնին մասնակցել է 6-12 տարեկան շուրջ 1000 աշակերտ Հայաստանից, Արցախից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բուլղարիայից, Բելառուսից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իրանից, Իսպանիայից, Լիբանանից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Քուվեյթից և Ֆրանսիայից: Մրցույթն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլին էլեկտրոնային տարբերակով ներկայացվել է շուրջ 1000 նկար` 26 երկրից; Ցուցահանդեսին ներկայացվելու համար մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրվել են 180 լավագույն աշխատանքներ: Երկրորդ փուլում մասնակիցները կներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակները, որի հաղթողները կարժանանան 3 հիմնական և 7 խրախուսական մրցանակների (այդ թվում` քվեարկության արդյունքում այցելուների համակրանքի արժանացած 1 մրցանակ): Արդյունքները կհայտարարվեն 2010թ. սեպտեմբերի 21-ին: Մրցույթ-փառատոնի կազմակերպմանն աջակցում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ն: Ցուցահանդեսը էլեկտրոնային տարբերակով հասանելի է նաև Գեղագիտության ազգային կենտրոնի կայքէջում` www.nca.am. Ցանկացողները հնարավորություն ունեն քվեարկել իրենց նախընտրած մասնակցի օգտին:

No comments: