Monday, August 2, 2010

Իրանում օդուժի լայնածավալ զորավարժանք է մեկնարկում

Aysor.am. 31.07.2010 - Իրանում այսօր մեկնարկում է ռազմաօդային ուժերի «Երկնքի ֆիդայիններ» ստորաբաժանումների լայնածավալ զորավարժանքը: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, մինչև օգոստոսի 7-ը վարժանքի շրջանակներում կօգտագործվեն երկրի բոլոր ռազմաօդային բազաները, մասնավորապես` Մեհրաբադի, Թավրիզի, Համադանի, Սպահանի, Բուշերի և Շիրազի: Ինչպես նշում են իրանցի զինվորականները, այս զորավարժություններն իրենց ձևաչափով կլինեն երկրորդը: Ավելի վաղ Ռազմաօդային ուժերի հրամանատարի օպերատիվ հարցերով տեղակալ գեներալ Մոհամադ Ալավին հայտնել է, որ զորավարժանքներին կմասնակցեն ինքնաթիռների ավելի քան 40 տեսակ, այդ թվում` կործանիչներ F-4, F-5, F-7, ռմբակոծիչ Су-24, օդային լիցքավորողներ, առանց օդաչուի ինքանթիռներ, կփորձարկվեն նաև նոր զինատեսակներ: Ըստ գեներալի, վարժանքների հիմնական նպատակն է տակտիկական գործողությունների հղկումը` Իրանի ռազմաօդային ուժերի մարտական պատրաստության բարձրացման համար: Նշենք, որ Իրանի ՌՕՈՒ վարժությունները անցկացվելու են երկրի նկատմամբ պատժամիջոցների խստացման պայմաններում: Հունիսի 26-ին Եվրամիության ԱԳ ղեկավարները հավանության են արժանացրել Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցները, որոնք ուժի մեջ են մտել հուլիսի 27-ին: ԵՄ-ի պատժամիջոցները մասնավորապես նախատեսում են Իրանի նավթագազային ոլորտում ներդրումների սառեցում, ոլորտային տեխնոլոգիաների, սարքավորումների և մասնագիտացված ծառայությունների ցուցաբերման արգելում:

No comments: