Wednesday, August 11, 2010

Ս. Նիկոյան. Ինչո՞ւ Ալիևը չի ասում ճշմարտությունը

Panorama.am. 11-8-2010- «Ես ուշադրությամբ կարդացել եմ Ալիևի այս վերջին հայտարարությունը և համեմատել այս վերջին մեկ-երկու տարվա ընթացքում վերջինիս կողմից հնչեցրած հայտարարություններին՝ փորձելով ինչ-որ նոր բան գտնել դրանում: Սակայն, ավաղ փորձերս ապարդյուն անցան, նա կրկնել է այն, ինչ սիրում է ասել իր երկրում տեղի ունեցող ցանկացած միջոցառման ժամանակ»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նշենք, որ ադրբեջանական Դեյ.ազ լրատվականի համաձայն՝ Պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահն ասել, թե «իրենք կվերականգնեն երկրի տարածքային ամբողջականությունը: Պետք եղած ժամանակ բոլոր ռազմական կառույցները կգործեն որպես մեկ միասնական բռունցք ու կվերականգնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դրա համար անհրաժեշտ է ուժեղ տնտեսություն ու հզոր ռազմական պոտենցիալ: Իսկ հակառակորդ կողմը զբաղված է ժամանակի վատնումով և ուղղակի փորձում է ձախողել բանակցություններ: Բայց եթե բանակցությունները ձախողվեն, ապա կառաջանա նոր իրավիճակ ու օրակարգում խնդրի ռազմական լուծման հարց կդրվի»: ԱԺ փոխնախագահի խոսքերով, Ալիևի նպատակը հետևյալն է՝ ասել ` մենք շատ լավ ենք ապրում, կամ ասենք կոմունիզմ ենք կառուցել, տնտեսությունում հրաշքներ են տեղի ունենում, մենք կարող ենք հաղթել պատերազմում, սակայն հարցը փորձում ենք բանակցությունների միջոցով կարգավորել: «Մեկ բան ակնհայտ է, եթե ինչ-որ պահի Ադրբեջանն իմանա, որ ինքը կարող է կամ ի զորու է ռազմական ճանապարհով խնդիրը կարգավորել՝ միանշանակ կգնա այդ ճանապարհով: Սակայն, նույնիսկ Ադրբեջանում են գիտակցում, որ իրենք չեն կարող հաղթանակ գրանցել: Անդրադառնալով Ալիևի հայտարարության այն հատվածին, որում վերջինսը նշում է, թե Ադրբեջանը հանդես է գալիս կառուցողական դիրքերից՝ Ս. Նիկոյանը նշեց. «Ալիևն ակնհայտորեն ստում է: ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները, մասնավորապես, Սանկտ Պետերբուրգում և Ալմաթիում կայացած հանդիպումները ցույց տվեցին, որ Ադրբեջանն իրեն դրսևորում է որպես ոչ կառուցողական կողմ և փորձում է ամեն գնով տապալել հանդիպումներն ու միջնորդների կողմից ներկայացվող առաջարկները»: Նրա խոսքերով, Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումների վերաբերյալ միջնորդ երկրների դիրքորոշումները պարզորոշ ձևով արտացոլվել են, ինչպես Մուսկոկում՝ համանախագահ երկրների նախագահների, այնպես էլ Ալմաթիում՝ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների տարածած հայտարարության մեջ: «Ռազմական բյուջեի մասին հեքիաթներով ժողովրդին խաբելով նա ոչ միայն իր ժողովրդին է մոլորության է մեջ գցում, այլ նախ և առաջ ինքն է դրա մեջ հայտնվում: Ալիևը ժամանակ առ ժամանակ իբրև թե փորձում է ադրբեջանցիներին տեղյակ պահել բանակցային գործընթացում առկա զարգացումներից և ինչ-որ անհավանական տեղեկություններ է ներկայացնում: Ինչո՞ւ այսքան ժամանակ Ալիևն իր ժողովրդին չի ասում, որ առկա սկզբունքների կողքին գոյություն ունի նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, կամ երբ ինքը ռազմատենչ հայտարարությւոններ է անում, դրանով իսկ խախտում է բանակցային գործընթացում առկա սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չգործադրման սկզբունքը: Ինչո՞ւ Ալիևը չի ասում ճշմարտությունը»,- ասաց խորհրդարանի փոխխոսնակը:

No comments: