Saturday, August 21, 2010

Ադրբեջանը գերմանական ինքնաթիռին թույլ չի տվել մտնել Հայաստան

«7 or.am», 21.08.10- Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանի խոսքերը՝ ռազմական մասնագետ Ուզեիր Ջաֆարովը նշել է, թե Ադրբեջանն իրավունք ունի ինքը որոշելու՝ թույլ տալ կամ չտալ ռազմական կամ քաղաքացիական ինքնաթիռին մուտք գործել իր օդային տարածք, և Հայաստանի ներկայացուցիչներն իրավունք չունեն Ադրբեջանին մեղադրել ոչ կառուցողական լինելու համար։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանն իրավունք ունի պատժելու Հայաստանին, քանի որ իրենց զինծառայողի դին դեռևս մնում է ԼՂՀ-ում. -Հենց հայերն են դրել այն ամենի սկիզբը, ինչ այսօր ունենք,-ասել է նա։ Նախօրեին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն կպատասխանի Ադրբեջանի ոչ կառուցողական քայլերին։ Նրա խոսքերով՝ Բաքուն արդեն երկրորդ անգամ է խնդիրներ ստեղծում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության համար։ -Չնայած հանուն տարածաշրջանում խաղաղության ՆԱՏՕ-ի հետ գործընկերության վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին, Բաքուն հերթական անգամ ցույց է տալիս, որ ինքը չի կարող կառուցողական գործընկեր լինել դաշինքի համար։ Ադրբեջանի հայտարարությունները երբեք համարժեք չեն եղել գործողություններին, և այս միջադեպը դրա ևս մեկ վառ ապացույցներից է,- հայտարարել է Կարեն Ավագյանը։ Նա նշել է, որ Բաքուն մշտապես այս կամ այն քայլերն է անում, այնուհետև դրանք հերքելու միջոցներ է փնտրում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն Աֆղանստանից Հայաստան ուղևորվող Գերմանիայի ՌՕՈՒ-ի ինքնաթիռին արգելել էր մուտք գործել իր օդային տարածքը։

No comments: