Saturday, August 28, 2010

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱԿ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ԴՆԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎ

«Լրագիր», 27.08.2010: Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում Ադրբեջանը քննարկման է դնելու «Ադրբեջանի գրավյալ տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների նորմերի պահպանումը» վերնագրով բանաձեւի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոն: Համաձայն այդ փաստաթղթի, հակամարտության գոտի հանդիսացող տարածքների կարգավիճակի, կազմակերպական կառուցվածքի եւ ժողովրդագրական կազմի միակողմանի փոփոխությունները «իրավաբանական ուժ չունեն եւ լրջորեն խոչընդտում են բանակցությունների հիման վրա հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»: Ըստ նախագծի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կարեւորում է «Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաեւ դրա հարակից շրջաններից արտաքսված բնակչության` նախկին բնակավայրերը վերադառնալու անքակտելի իրավունքը»: Բանաձեւի նախագծով Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) առաջարկվում է ուսումնասիրություն անցկացնելու նպատակով «շտապ կարգով համապատասխան փորձագիտական գիտելիքներ ունեցող բազմազգ առաքելություն ուղարկել հակամարտության գոտի»` հետաքննելու եւ համապատասխան զեկույց ներկայացնելու «միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավուքների ոլորտում միջազգային չափանիշների պահպանման վիճակի վերաբերյալ»:

No comments: