
«Lragir.am», 30.08.10թ: Անկարան դադարում է պետական քաղաքականություն վարել և փորձում է անցնել տրանսազգային մակարդակ: Այդ մակարդակով մի քանի դար է արդեն աշխատում են ԱՄՆ-ն, Բրիտանիան, ապրում է Չինաստանը, նույնիսկ արաբական երկրները: Այդ երկրները հասկացել են, որ պետական սահմանները նրա համար չեն, որ արգելեն սեփական քաղաքացիներին դուրս գալ և նվաճել աշխարհը, այլ նրա համար, որ անկոչ հյուրերից պաշտպանեն երկրում ապրողներին:
Չսպասելով ներողության Թել-Ավիվից, Թուրքիան որոշել է նորից հարաբերությունները լավացնել Իսրայելի հետ: Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան հույս է հայտնել, որ ճգնաժամը շուտով կկարգավորվի: Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ Հունաստանին, Հայաստանին, Իրաքին, Իրանին և Ռուսաստանին հանում է Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող երկրների ցուցակից: Թե ով է մնում Թուրքիայի թշնամի, չի հայտարարվում: Կարծես թե Կարմիր գիրքն ամբողջովին կհանեն: Թուրքիան նույնպես սկսում է հասկանալ, որ ազդեցությունը չի որոշվում պետական սահմաններով:
Տրանսազգայնացումը ավելի հեշտությամբ իրականացվում է դեմոգրաֆիական, տնտեսական էքսպանսիայի ճանապարհով: Առավել բարդը արժեքային էքսպանսիան է: Սակայն Թուրքիան ընտրել է այլ ճանապարհ` դիվանագիտական էքսպանսիան: Թուրքիան խառնվում է տարածաշրջանային և դրանից դուրս բոլոր հակամարտություններին, առաջարկում է իր ծառայությունները, կատարում է միջնորդի դեր և կաշվից դուրս է գալիս ցույց տալու միջամտելու իր իրավունքը: Հայաստանը առաջինն ընկավ այդ ցանցը` համաձայնվելով հարաբերությունների կարգավորմանը: Սակայն պարզվեց, որ բարելավումը նպատակ չէ: Անկարայի համար գլխավորը հասնելն է այն բանին, որ որևէ մեկը դիմի իրեն սահմանը բացելու խնդրանքով, թույլ տա պատարագ սեփական եկեղեցում: Թուրքիան հասկացել է, որ տարածքը և նույիսկ ռեսուրսները գլխավորը չեն ներկա աշխարհում: Առավել կարևոր է իրավունքը, և Աստված չանի, եթե ինչ-որ մեկը` մարդ կամ պետություն, գիտակցի,որ իրավունքը տրվում է Աստծո կողմից, և պետք չէ ոչ մեկից խնդրել: Ահա թե ինչու Թուրքիան ամեն ինչ անում է, որ իրեն դիմեն իրավունքի համար: Նա պատրաստ է այդ իրավունքը տալ անվճար: Կարևոր է այն, որ իրեն համարեն այդ իրավունքի սեփականատեր:
Այդ նոր էքսպանսիայի դեմն առնելու միակ միջոցը Թուրքիային ցանկացած հարցով, այդ թվում իրավունքի, դիմելուց հրաժարվելն է:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
No comments:
Post a Comment