Saturday, August 28, 2010

Վրաստանում ադրբեջանցի պաշտոնյաներ են ձերբակալվում

«7or.am», 28.08.2010: Վրաստանում շարունակվում է տեղական իշխանությունները ներկայացնող պաշտոնյաների կաշառակերության դեմ «պայքարը», որի համար, AZE.az-ի մեկնաբանությամբ, չգիտես ինչու, առայժմ բացառապես ադրբեջանցիներն են ընկնում։ Հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը, լրատվամիջոցը նշում է, թե սահմանադրության անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները կաշառք վերցնելու գործով ձերբակալել են Մարնեուլի քաղաքապետարանի սակրեբուլոյի (ժողով) նախագահ Այվազ Իսմայիլովին։ Իբր, հողակտորի սեփականաշնորհման համար օգնություն ցուցաբերելու դիմաց նա քաղաքացուց ստացել է 6000 լարիին համարժեք կաշառք։ Ձերբակալվել է նաև Դմանիի շրջանի պաշտոնյաներ։ Դմանիի համայնքապետարանի սակրեբուլոյի նախագահի տեղակալ Կամրան Մուսաևը և գյուղի լիազոր Օրոզմանի Ֆահրադ Կուրբանովը ձերբակալվել են այն բանի համար, որ քաղաքացիներից պարբերաբար կաշառքներ են կորզել։ Նրանք ձերբակալվել են 300 լարիին համարժեք կաշառք վերցնելու փաստի հիման վրա։ Նրանց մինչև 9 տարի ազատազրկում է սպառնում։ AZE.az-ը նշում է, թե զարմացնում է այն, որ Վրաստանի բնակչության ընդամենը 10%-ը զբաղեցնող ադրբեջանցիները, որոնք, այդուհանդերձ, ավելի փոքր տոկոսով են ներգրավված իշխանության մարմիններում և խորհրդարանում, մի բան, որ արդեն իսկ խոսում է հարևան երկրում ադրբեջանցիների նկատմամբ խտրականության մասին, այն էլ՝ ոչ փոքր չափով, այս դեպքում կազմում են կաշառակերների որսի «զոհերի» 100%-ը։

No comments: