Sunday, August 22, 2010

Մոսկովյան մետրոյի ահաբեկչության կազմակերպիչը ոչնչացված

«Panorama.am», 21.08.10թ: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցները Դաղստանում ոչնչացրել են դաղստանյան գրոհայինների առաջնորդ Մահոմեդալի Վագաբովին, ով նաև մոսկովյան մետրոյի կայարաններում այս տարի տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչն է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ուժային կառույցներում իր հավաստի աղբյուրը: «Գունիբ գյուղում իրականացված հատուկ գործողության արդյունքում հաջողվել է ոչնչացնել դաղստանյան գրոհայինների ղեկավար Մահոմեդալի Վագաբովին: Օպերատիվ գործողությունն իրականացրել են ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցները»,- ասել է գործակալության աղբյուրը` ընդգծելով, որ Վագաբովը հետախուզվել է երկու տարուց ավելի: «Դա շատ խորամանկ ու վրիժառու ահաբեկիչ էր»,- հավելել է գործակալության աղբյուրը: Բացի Վագաբովից` օպերատիվ գործողություն իրականացնողները Դաղստանի Գունիբ գյուղում վերացրել են ընդհանուր հաշվով հինգ գրոհային: Հիշեցնենք, որ այս տարի մարտի 29-ին Մոսկվայի մետրոյի «Պարկ կուլտուրի» և «Լյուբյանկա» կայարաններում երկու հզոր պայթյուն էր տեղի ունեցել, ինչի արդյունքում 40 մարդ մահացել էր, 160-ն ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

No comments: