
«Aysor.am», 21.08.2010: Էրեբունի փողոցում ամեն 3 մետրը մեկ կամ ավելի ճիշտ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ձմերուկի և սեխի մեծ բուրգեր: Դրանք դրված են հողի կամ ասֆալտի վրա` առանց տակդիրի և ուղիղ արևի կիզիչ ճառագայթների տակ` առանց արևապաշտապան ծածկի:
Դրանց կողքին էլ կարելի է հանդիպել արևից թուլացած վաճառողների, որոնց մի մասը կա’մ մի կերպ է աչքը բաց պահում ու հետևում իր ապրանքին, իսկ ավելի երիտասարդներն էլ առևտուրն իրականացնում են` «խաղաթղթի սեղանի շուրջ զվարճանալով»:
Բնականաբար, նրանցից շատերը չցանկացան պատասախանել Aysor-ի հարցերին, իսկ ովքեր էլ պատասխանեցին, կցկտուր ու միևնույն ժամանակ բորբոքված:
«Կարո՞ղ ա մեզ հաճելի ա էս ամռան 40 աստիճան արևի տակ նստելը: Ի՞նչ անենք, հացի փող պիտի հայթայթե՞նք, թե՞ չէ»,- բորբոքված ասաց ձմերուկ վաճառողներից մեկը: Այն հարցին, թե ինչու՞ չի գնում շուկա` իր առևտուրն իրականցնելու, նա պատասխանեց, որ շուկայում վարձավճարները թանկ են, «իսկ այստեղ մի քանի կոպեկ փող ենք տալիս ու առևտուր անում»:
Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ու՞մ են «մի քանի կոպեկ փող տալիս», սակայն մի բան ակնհայտ է, որ որոշ մարդիկ էլ, փողացային առևտրով զբաղվող մարդկանցից փող վերցնելով են հացի գումար աշխատում: Արդյունքում` ստացվում է, որ թե’ շուկայում, թե’ փողոցում առևտուր անելու համար վաճառողը գումար է վճարում:
Խոսելով մթերքի վտանգների մասին` վաճառողների մի մասը նշում էր, որ իրենց բերած ապրանքն օրվա ընթացքում սպառվում է և հաջորդ օրը վաճառում են միայն թարմ ձմերուկ կամ սեխ: Իսկ վաճառողներից ոմանք էլ «անկեղծանալով» ասացին, որ հաճախ ապրանք շատ են բերում` մի քանի օրվա համար, ու հին ապրանքը վաճառում են անծանոթ գնորդներին. «Ամեն օր մեքենա վարձելու համար լրացուցիչ գումարներ են պետք: Հիմա ամենաշահավետ գործը սա է, ձմերուկի վաճառքով զբաղվողների ակտիվությունը դա է ցույց տալիս»,- կատակեցին ձմերուկ վաճառողներից ոմանք:
«Ձմերուկ և սեխ չի թույլատրվում բացօթյա վաճառել, այն էլ փողոցի բանուկ մասում: Ձմերուկի վրա արևի ճառագայթների ազդեցությունը կարող է աղիքային հիվանդությունների պատճառ դառնալ: Պետք է անպայման արևի ճառագայթներից պաշտպանող հովանոց լինի դրանց վրա»,- Aysor-ին ասաց ՀՀ գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության բաժնի պետ Արթուր Վարժապետյանը:
Նա նշեց, որ թեև այսպիսի նորմեր սահմանված չեն, սակայն բացօթյա առևտրի դեպքում ձմերուկն ու սեխը պետք է անպայման դրված լինեն գետնից առնվազն 30 սմ բարձրություն ունեցող տակդիրների վրա` արևապաշտպան ծածկով:
Իսկ այն հարցին, թե ո՞ր մարմինն է վերահսկում փողոցային առևտուրը և ինչպիսի՞ տուգանք է նշանակված դրա կանոնների խախտման դեպքում, Վարժապետյանը պատասխանեց. «Բացօթյա առևտրի խնդրով զբաղվում է Երևանի քաղաքապետարանը, իսկ մեր խնդիրը 70 միլիոն դրամի առևտուր իրականացնող օբյեկտների նկատմամբ վերահսկողություն իրականացնելն է»,- ասաց նա և հավելեց, որ իրենք ստուգումներ իրականցնում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Աբգար Եղոյանն էլ կարծում է, որ խնդիրը նրանում է, որ վաճառողների հանդեպ վերահսկողություն չկա. «Կամ էլ կա, երևի վաճառողները մի քիչ գումար վճարում են այդ մարմիններին, որոնք, իբր, պիտի վերահսկեն, և գործարքը կայացած է: Երևի ստվերային վճարներ են արվում որոշ մարդկանց, ու երկկողմանի ապօրինի տնտեսական գործունեություն են ծավալում: Այդ պատճառով էլ հարցը վերջնական լուծում չի ստանում»:
Կարելի է ենթադրել, որ նման բիզնեսը բագավաճում է, արդյունքում էլ` փողոցային առևտրի վիճակն ավելի է վատանում: «Ամբողջ քաղաքը լի է նման վաճառակետերով: Մի կողմից փակվում են, մյուս կողմից` նորերը բացվում: Նման պայմաններում չի կարելի ընդհանրապես ոչինչ վաճառել, առավել ևս` գնել»,- ասաց Եղոյանը:
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության, սնուցման, սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանն Aysor-ին ասաց, որ չնայած կա ձմերուկի և սեխի` խախտումներով վաճառք, սակայն դրանց պատճառով սննդային թունավորում դեռ չի արձանագրվել. «Մարդը կարող է ձմերուկ ուտել, մի քիչ վատ զգալ, դեղ խմել և լավանալ, սակայն պետք է հասակալ, որ այդ փոքրիկ թվացող թունավորումների հետևանքները կարող են հետագայում մեծ լինել: Նույն հաջողությամբ, նա կորող է դրսում խորոված-քաբաբ ուտել, հետևանքը` նույնն է»,- ասաց նա` ընդգծելով, որ ուղղակի պետք է զերծ մնալ փողոցային առևտրից:
Մասնագետը նշեց, որ ձմերուկի կեղևի վրայի կեղտը ևս դանակի միջոցով կարող է թափանցել դրա մեջ և երկրորդային կեղտոտվածության պատճառով թունավորում առաջացնել:
«Ասֆալտից և արևի ճառագայթներից կարող է լինել ոչ թե սուր թունավորում, այլ խրոնիկական թունավորում, որն ի հայտ է գալիս միայն տարիներ հետո: Ձմերուկի նիտրատները կարող են կուտակվել և խրոնիկական թունավորումների ժամանակ ի հայտ գալ»,- ընդգծեց Մ. Բաբայանը:
No comments:
Post a Comment