«Aysor.am», 28.08.2010: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները և Ռուսաստանի դերը այդ գործընթացում:
Լրագրողների դիտարկմանը, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում տեսանելի առաջընթաց չի արձանագրվում, Սերգեյ Լավրովը նշել է, որ առաջընթաց այնուամենայնիվ կա:
«Միգուցե աշխատանքի արդյունքները տեսանելի չեն, քանի որ աշխատանքը տարվում է կոնֆիդենցիալ ռեժիմում: Բայց, որպես այդ աշխատանքի մասնակից, կարող եմ ասել, որ լայն հասարակությանը չերևացող արդյունքներ այնուամենայնիվ կան», - ասել է Ս.Լավրովը և նշել, որ Ռուսաստանի` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ լինելու տարիներին «վիճելի հարցերի զգալի կրճատում է տեղի ունեցել»:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ հիմնարար սկզբունքների մշակման շարունակական աշխատանքը ձևակերպումների առումով որոշակի արդյունքներ է գրանցել, որոնք այս փուլում կարող են արձանագրել կողմերի համաձայնությունը:
«Դա չի նշանակում, որ հիմնարար սկզբունքների ուղղությամբ աշխատանքի ավարտի հետ ամեն ինչ կհանգուցալուծվի: Կողմերը մասնակցում են այդ աշխատանքին, ելնելով այն հանգամանքից, որ հիմնարար սկզբունքներից հետո, ամեն դեպքում, պետք է պատրաստել իրավաբանական փաստաթուղթ` խաղաղության համաձայնագիր», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը և ընդգծել, որ հիմնարար սկզբունքները որպես քաղաքական փաստաթուղթ շատ կարևոր նշանուկություն կունենային, քանի որ ցույց կտային քաղաքական առումով պայմանավորվածությունների ձեռքբերման ուղղվածություն:
Ս.Լավրովը նշել է նաև Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդևի դերը վերջին երկու տարվա ընթացքում` ուղղված պայմանավորվածությունների որոնմանը:
«Վերջին երկու տարվա ընթացքում տեղի է ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների վեց հանդիպում: Այս տարի երկու հանդիպում է տեղի ունեցել` Սոչիում և Սանկտ Պետերբուրգում: Արդյունքում դեռ ոչ բոլոր հիմնարար սկզբունքների շուրջ է հաջողվել պայմանավորվել, սակայն` տեքստի բավականին մասի, բայց կա ըմբռնում, որ մենք գործնականորեն հասել ենք փոխզիջումային ձևակերպումներին», - նշել է Ս.Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է, որ ՌԴ առաջարկությամբ այն երկու-երեք հարցը, որոնց շուրջ դեռ համաձայնեցված ձևակերպումներ չկան, պետք է գրանցվեն որպես հետագա քննարկման առարկա:
«Այնուհետև արձանագրել, որ առանց երկու հարցի որևէ վերջնական պայմանավորվածություն չի լինի», - ասել է Ս.Լավրովը:
Ինչպես նշել է Ս.Լավրովը, Ռուսաստանը լիահույս է, որ նման իրատեսական մոտեցումը, որը հիմնված է ներկա իրավիճակի պրագմատիկ գնահատականի վրա, վերջին հաշվով աջակցություն կստանա:
«Կրկնվեմ, հիմնարար սկզբունքների ընդունումը` գրանցելով այժմ դեռ չհամաձայնեցված երկու-երեք հարցերը, շատ կարևոր քաղաքական ազդանշան կդառնար, որը սպասում են միջազգային հանրությունում, Եվրոպայում, այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նպատակ ունեն հանգուցալուծել հիմնախնդիրը, խաղաղ կերպով հանգուցալուծել խնդիրը, ինչի մասին բազմիցս ասել են նաև համանախագահները, ինչի մասին ասվում է այսպես կոչված Մայնդորֆյան հռչակագրում` ստորագրված ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում պայմանավորվածություն պետք է ձեռք բերեն «հենց հակամարտող կողմերը»:
«Հենց հակամարտության կողմերը պետք է պայմանավորվեն: Համանախագահները չեն կարող ոչ միայնակ, ոչ երեքով, ոչ նախարարների մակարդակով, ոչ էլ նախագահների մակարդակով լուծել այդ խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն: Այդ իսկ պատճառով մեր դիրքորոշումը կայանում էր նրանում, որ մենք պատրաստ ենք ներդնել մեր հնարավորությունները, մեր ինտելեկտուալ կարողությունները, որպեսզի օգնել որոնելու պայմանավորվածությունը: Գտնել այն կարող են միայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները», - ասել է Սերգեյ Լավրովը:
Saturday, August 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment