Saturday, August 28, 2010

Դատարանում Վարդգես Գասպարին մարմնական վնասվածներ է ստացել

«Tert.am», 27.08.2010: Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին և Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին հաղորդագրություն է ներկայացրել հանցագործության մասին: Ըստ այդմ՝ օգոստոսի 26-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, Գասպարին փորձել է մտնել Կենտրոնի դատարան՝ ունկնդրելու Դ. Քիրամիջյանի և Ս. Գևորգյանի դատը, սակայն դատական կարգադրիչները արգելել են մտնել Կենտրոնի դատարանի շենք՝ պատճառաբանելով, որ մինչև ընդմիջում չի թույլատրվում մտնել դատարան: «Ես կարգադրիչներին խնդրեցի ինձ ցույց տալ այն կանոնակարգը կամ որոշումը, որը պահանջում է դա: Նրանք ասացին` դա գոյություն չունի, եւ պարզապես դա դատավորի բանավոր ցուցում է: Իսկ քանի որ որևէ օրենքով, այդ թվում և քրեադատավարական օրենքներով սահմանված չէ դատավորի իրավասությունը դատարանի շենք մուտք գործելու-չգործելու կապակցությամբ, ուստի ես համարելով կարգադրիչների պահանջը անօրինական՝ մուտք գործեցի դատարանի շենք: Այդ ընթացքում դատական կարգադրիչները փորձեցին բռնել-պահել իմ ձեռքը և արգելակել ինձ, ինչը ես թույլ չտվեցի՝ գոչելով, որ դրա իրավունքը իրենք չունեն: Քիչ հետո կարգադրիչների ղեկավարը (կարծում եմ ոմն Փիլոսյան) դատարանի աստիճանների վրա ինձ քաշեց, հրեց, վայր գցեց և մյուս կարգադրիչների հետ միասին քարշ տալով՝ հանեց դատարանի շենքից դուրս»,- գրել է Վարդգես Գասպարին:«Պահանջում եմ քրեական գործ հարուցել և պարզել՝ ի՞նչ իրավական հիմքով են Կենտրոնի դատարանի կարգադրիչները ինձ արգելել մուտք գործել դատարանի շենք: Պատասխանատվության ենթարկել իմ նկատմամբ ուժ գործադրած, ինձ հրող, աստիճանների վրա վայր գցող, և ապօրինաբար դատարանի շենքից ինձ բռնի հեռացնող անձանց նկատմամբ»,- պահանջում է Գասպարին։ Վարդգես Գասպարին տեղեկացնում է, որ աստիճանների վրա դատական կարգադրիչների միջոցով իրեն հրելու և վայր գցելու արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ ձախ թևի, թիկունքի և հատկապես գլխի մասում և խնդրում է տրամադրել ուղեգիր դատաբժշկական փորձաքննություն կատարելու համար։

No comments: