Monday, August 23, 2010

Բակո Սահակյանը Լիբանանում է

«Tert.am», 22.08.10- Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն: Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, օգոստոսի 21-ին Լիբանանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել «Արցախ Ֆոնդ» կազմակերպության անդամների հետ: Բակո Սահակյանը կազմակերպության է հանձնել «Երախտագիտություն» մեդալը` սոցիալական ոլորտի վերականգնման ու զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Նույն օրը Սահակյանն այցելել է Անթիլիաս քաղաքում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարան և հանդիպում ունեցել Արամ Ա կաթողիկոսի, Լիբանանի հայազգի նախարարների և պատգամավորների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ նա ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի նահատակների հուշարձանին: Հանդիպման ընթացքում արծարծվել է Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցերի լայն շրջանակ: Արամ Ա կաթողիկոսը նշել է Արցախի ճակատագրային դերակատարությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ եւ ընդգծել, որ նրա զորացումն եւ զարգացումը բխում է համայն հայության կենսական շահերից: Բակո Սահակյանը կարևորել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը` այն համարելով հայ ժողովրդի և հայոց անկախ պետականության զարգացման ամենակարեւոր նախապայմանը եւ այս գործընթացում ընդգծել է նաև եկեղեցու դերակատարությունը: Այնուհետև Սահակյանը Բեյրութ քաղաքում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է ունեցել Լիբանանում հայ ավանդական կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցեր:

No comments: