Monday, August 23, 2010

Արմեն Աղայան. «Ռուսական ներկայությունը ոչ մի կերպ չի պաշտպանում Արցախը ադրբեջանական հնարավոր հարձակումից»

«7or.am», 23.08.2010: -Ռուսական ռազմակայանների գործունեության ժամկետի երկարաձգումն ինքնին ոչ մեր անվտանգությունն է ավելի տևական դարձնում, ոչ էլ երկարաձգում է մեր կախվածությունը Ռուսաստանից,- «7օր»-ի հետ զրույցում ասել է «Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը, անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարաձգման մասին պայմանագրի փոփոխությանը։ Ա. Աղայանի համոզմամբ, երկուսն էլ պայմանավորված են բոլորովին այլ հանգամանքներով և դրանց փոփոխվելու դեպքում պայմանագիրը նույնպես կարող է վերանայվել կամ դադարեցվել: «Ցավալին այն է, որ անկախ պետականության գոյության այսքան տարիների ընթացքում կառավարությունը շարունակում է մեր անվտանգությունը պայմանավորել ռուսական բազաների առկայությամբ»: Թե ինչո՞ւ հենց հիմա պետք եղավ երկարաձգել պայմանագրի ժամկետը, ապա Աղայանի խոսքերով, այս հարցի պատասխանը պետք է փնտրել ռուս-ադրբեջանական ռազմական առևտրի համատեքստում: -Սրանով ռուսները կարծես արդարանում են Բաքվին կարևոր զինատեսակներ վաճառելու համար և ուզում են հավաստիացնել, թե դա չի վնասի մեր անվտանգությանը: Այո՛, մենք իրավունք ունենք չհավատալու և պահանջելու, որ Ռուսաստանը դադարեցնի երկակի խաղը մեր և մեր թշնամիների հետ: Սակայն հարցերի լուծումը մեզանում պետք է փնտրենք, այլ ոչ թե ռուսների: «7օր»-ի զրուցակիցը նաև ավելացրել է, թե պետք է հստակ իմանալ, որ ռուսական ներկայությունը ոչ մի կերպ չի պաշտպանում Արցախը ադրբեջանական հնարավոր հարձակումից: -Խոշոր հաշվով այն մեզ չի պաշտպանում նաև Թուրքական վտանգից: Քանի որ, երբ Թուրքիան «բարոյական իրավունք» ստանա Հայաստանի դեմ գործելու, ապա ռուսական զորքերը նրան ոչնչով չեն խանգարի: Եթե 90-ականների սկզբին ռուսական դրոշակի առկայությունը հիմնավորված էր որպես ժամանակավոր քայլ, ապա հետագայում մենք պարտավոր էինք Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը զարգացնել առանց նրանց ռազմակայանները և սահմանապահ ուղեկալները մեր սահմանին տեղակայելու:

No comments: