Saturday, August 28, 2010

Արդեն քանի տարի Ռուսաստանը պաշտպանական համակարգեր է վաճառում Իրանին, բայց դրանք այդպես էլ Թեհրան չեն հասնում

«Tert.am», 27.08.2010: Ռուսաստանն իր շահերն ունի, նա ամեն կերպ ձգտելու է իր քաղաքական ուղեծրում պահել նաև Ադրբեջանը՝ կանխելով նրա անցանկալի աշխարհաքաղաքական ուղղվածությունը։ Այսօրվա ասուլիսին այսպիսի տեսակետ հնչեցրեց պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից С-300 համակարգի վաճառքը Ադրբեջանին։ «Կարծես թե դրանով Ռուսաստանը փորձում է ամրապնդվել տարածաշրջանում», – ասաց նա։ Սակայն, ըստ Ջամալյանի, այդ հնարավոր վաճառքը չի նշանակում, որ հայկական կողմի պաշտպանունակությունը թուլանում է։ «Մենք էլ ունենք սպառազինություն», – ասաց նա։ Միաժամանակ, հոգեբանի խոսքով, պետք է լինել իրատես. այդ համակարգը կարող է ինչ–որ տեղ, ինչ–որ դեպքում օգտագործվել մեր դեմ։ Ջամալյանի խոսքով՝ այս հարցում Ռուսաստանն իր քաղաքականությունն է վարում, իսկ Հայաստանը պետք է ըմբռնումով մոտենա։ «Ռուսները միայն մեր շահերից ելնելով չեն կառուցելու իրենց արտաքին քաղաքականությունը։ Պարզապես մենք պետք է փորձենք ստանալ առավելագույնը մեր գործընկերների հետ համագործակցությունից», – ասաց նա։ Ջամալյանի կարծիքով՝ С-300 համակարգի վաճառքը չի նշանակում, որ այն բարձրացնում է պատերազմի հավանականությունը։ «Սպառազինությունների մատակարարման համաձայնագրով մենք նույնպես ձեռք ենք բերելու այնպիսի զինատեսակներ, որոնք բալանս են հաստատելու», – նշեց նա։ Իր հերթին ասուլիսին ներկա «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը հիշեցրեց, որ այդ համակարգը դեռ չի վաճառվել Ադրբեջանին։ «Չի կարելի բացառել, որ սա Ռուսաստանի կողմից տեղեկատվական գործողություն է, որը Ադրբեջանի հանրությանը հանգստացնելու նպատակ ունի», – ասաց նա։ Հարությունյանը նաև նկատեց, որ արդեն քանի տարի Ռուսաստանը նմանատիպ համակարգեր է վաճառում Իրանին, բայց դրանք այդպես էլ Թեհրան չեն հասնում։ «Այս ավանդույթը ռուսական իշխանությունների մոտ կա, այնպես որ եկեք չշտապենք», – հավելեց նա։

No comments: