Wednesday, August 11, 2010

Ադրբեջանցիները աջակցում են Բրայզայի թեկնածությունը

Միացյալ Նահանգներում գործող ադրբեջանական կազմակերպություններն արշավ են սկսում` ի աջակցություն Բաքվում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված Մեթյու Բրայզայի թեկնածության: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը: «Հայկական Սփյուռքն անում է հնարավորինը՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակումը ձախողելու համար: Սփյուռքը փորձում է օրակարգ բերել այնպիսի հարցեր, որոնք որևէ առնչություն չունեն Բրայզայի և Բաքվում նրա գործունեության հետ»,- հայտարարել է ԱՄՆ-ում ադրբեջանական կազմակերպություններից մեկի ակտիվիստ Ֆարիզ Հասանովը: «Մենք նամակներ են ուղարկում Սենատի անդամներին, թերթերի խմբագրություններին, ինչպես նաև տարածաշրջանային փորձագետներին, որոնցում բացատրում ենք, որ Բրայզայի հարցը հայերի քաղաքական խաղերից է»,- նշել է ադրբեջանցի ակտիվիստ Սամիրա Վելիևան` ավելացնելով. «Հայերը միշտ էլ դեմ են հադես գալու Ադրբեջանի համար դրական տարրեր պարունակող ցանկացած նախաձեռնության»: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը օգոստոսի 3-ին քվեարկությամբ հավանություն տվեց ավելի քան 30 երկրներում ԱՄՆ-ի նոր դեսպանների պաշտոնում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ներկայացրած թեկնածություններին։ Սակայն Մեթյու Բրայզայի թեկնածության առնչությամբ, որին Սպիտակ տան ղեկավարն ուզում է տեսնել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում, քվեարկություն տեղի չունեցավ։ Բրայզայի թեկնածության շուրջ քվեարկությունը արգելափակելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Կալիֆոռնիան ներկայացնող սենատոր Բարբարա Բոքսերը: Քվեարկությունը հետաձգվել է մինչև Կոնգրեսի ամառային արձակուրդների ավարտը, այսինքն` մինչև սեպտեմբեր:

No comments: