Wednesday, August 25, 2010

Բեյրութում Արցախի նախագահը ասուլիս է տվել լիբանանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ

«Իրանահայեր Լրատու ցանց», 24.08.10: Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը Բեյրութում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի մասնաճյուղի տնօրեն Սարգիս Արմենյանի և մի խումբ անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման և երկրում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Նախագահը բարձր է գնահատել հիմնադրամի դերը Արցախի զարգացման գործում` նշելով, որ այդ գործընթացում ակնկալում է լիբանանահայ համայնքի մասնակցության էլ ավելի ակտիվացումը: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Բեյրութ քաղաքում այցելել է Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարքարան և հանդիպել կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի, հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչների և հայ համայնքի մի խումբ անդամների հետ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը նշել է Սփյուռքի տարբեր հատվածների հետ կապերի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը` ընդգծելով հաճախակի փոխայցելությունների նշանակությունը` հատկապես մատաղ սերնդի ներկայացուցիչների ընդգրկմամբ: Նախագահը կարևոր է համարել Հայ Կաթողիկե եկեղեցու դերակատարությունը Սփյուռքում և հատկապես Լիբանանում հայկական մշակութային և կրթական օջախների պահպանման գործում: Անդրարադձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին: Նույն օրը տեղի է ունեցել երկրի ղեկավարի մամլո ասուլիսը լիբանանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ: Ասուլիսի ընթացքում արծարծվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:

No comments: