Wednesday, August 25, 2010

Պատրիարք Կիրիլը պատրաստ է օգնել ադրբեջանցի ենթասպայի դին վերադարձնելու հարցում

«Tert.am», 25.08.10: Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պատրաստակամություն է հայտնել աջակցել ադրբեջանցի ենթասպա Մուբարիզ Իբրահիմովի դին վերադարձնելու հարցում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»։ Հիշեցնենք, որ Մուբարիզը սպանվել է հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը ԼՂ առաջապահ դիրքերի վրա ադրբեջանական դիվերսիոն հարձակման ժամանակ։ Նշենք, որ հայկական կողմը բազմիցս ասել է, որ Ադրբեջանը պաշտոնապես չի դիմել դիակը վերադարձնելու խնդրանքով։ «Ես նամակ եմ ստացել հարգարժան շեյխ–ուլ–իսլամից և իմ կողմից անհրաժեշտ քայլեր ձեռք կառնեմ։ Սակայն այս հարցը, ինչպես հայտնի է, մի կողմի որոշմամբ չի լուծվում. այստեղ հարկ կլինի որոշ խորհրդակցություններ անցկացնել։ Տեսնենք՝ ինչ դուրս կգա արդյունքում»,– ասել է պատրիարքը Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեի հետ երեկ Մոսկվայում կայացած հանդիպմանը։ Հարցին, թե արդյո՞ք հետագայում նույնպես ծրագրվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման նպատակով եռակողմ հանդիպումներ անցկացնել պատրիարքի, Փաշազադեի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի միջև, Կիրիլը պատասխանել է. «Մենք երբեք կանգ չենք առել, այդ հանդիպումները միշտ շարունակվել են։ Վերջերս նման հանդիպում տեղի է ունեցել Ադրբեջանում։ Սակայն եթե հարկ լինի, կյանքը ստիպի, կարծում եմ, որ երեք առաջնորդները հաճույքում կհանդիպեն, որպեսզի աջակցեն առկա խնդիրների լուծմանը»։

No comments: