«Aysor.am», 24.08.10: Հայաստանում ռուսական ռազմաբազաների գործունեության վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված պայմանագրում տեղ գտած փոփոխություններն առ այն, որ այսուհետ ռազմաբազան ապահովելու է նաև ՀՀ անվտանգությունը, ըստ քաղաքագետ, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանի` բխում է Հայաստանի շահերից, իսկ ժամկետի երկարաձգումը` Ռուսաստանի:
Անդրադառնալով պայմանագրի շուրջ ստեղծված քննարկումներին ու քննադատություններին` Կ. Բեքարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «ոչ ոք մեզ չի տվել ՀՀ անվտանգության երաշխիքը, և ոչ ոք չի կարող վստահությամբ ասել, որ այն, ինչ կա թղթի վրա, կկատարվի իր ամբողջ ծավալով, բայց եթե այդ երաշխիքը թղթի վրա չլիներ` Հայաստանի անվտանգությունը կնվազեր»:
«Եթե խոսքը վերաբերում է անվտանգությանը, բնականաբար, որևէ արտաքին ուժի, ամենառազմավարական գործընկերոջը վստահելուց առաջ, պետք է նկատի ունենաս, որ այդ պայմանագիրը կարող է խզվել, բայց դրանից չի հետևում, որ ձեռքից եկած ամեն ինչը չպետք է անես, որ անվտանգության դաշտում երաշխիքներն ավելացնես»,- ընդգծեց Կ. Բեքարյանը:
Կ. Բեքարյանը խոսեց նաև այն մասին, թե ինչպես պայմանագիրը կանդրադառնա ՀՀ` այլ ուղղություններով զարգացման խնդիրների, մասնավորապես` եվրաինտեգրման և հայ-ամերիկյան երկկողմ կապերի վրա: Նրա կարծիքով, ռուսական բազայի գործունեության երկարաձգումը չի կարող ողջունվել Արևելքի կողմից, բայց կա մի էական հանգամանք, այն, որ «հայ-թուրքական գործընթացի` թուրքերի կողմից քայլ առ քայլ տապալումը, Արևմուտքը շատ լավ ընկալել է, նույն Արևմուտքը շատ լավ ընկալում է, որ Հայաստանի նման փոքր երկիրը Թուրքիայի նկատմամբ բավականին խոցելի է, և անգամ Արևմտյան ամբողջական ռեսուրսը չկարողացավ բերել իրավիճակի փոփոխության, օրինակ, Թուրքիայի վրա ճնշումների միջոցով` հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը»:
«Հետևաբար առավել քան հստակ է, որ ՀՀ-ն իր անվտանգությունը պետք է փորձի գտնել համարժեք ձևերով ու եղանակնրով, և ես շատ-շատ հուսով եմ, որ այս ամենը կլինի այն կարգի ընկալելի, որ ոչ մի բացասկան ազդեցություն չի թողնի թե’ եվրաինտեգրման վրա և թե’ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Կ. Բեքարյանը:
Wednesday, August 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment