Sunday, August 29, 2010

Արմեն Աշոտյանը «հանգստանում» է Ջավախքում

«Tert.am», 28.08.10: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այս օրերին Ջավախքում է: Այցը կրում է ոչ թե պաշտոնական, այլ` մասնավոր, արձակուրդային բնույթ: Այս մասին Tert.am-ին տեկացրեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը՝ նշելով. «Պարզ է, որ պարոն Աշոտյանը Ջավախք չի մեկնել միայն հանգստանալու կամ հյուրասիրվելու ջավախքցու հարկի տակ: Ելնելով վերջին բացասական իրադարձություններից, որոնք տեղի են ունենում Ջավախքում` նաև կրթական ոլորտում, ՀՀ կրթական գերատեսչության ղեկավարի այս քայլը, այն է` արձակուրդի մի քանի օրը գեղատեսիլ Ջավախքում անցկացնելը, մտավորականության, ուսուցիչների, գործիչների, Ջավախքի խնդրով մտահոգ մարդկանց և պարզապես հասարակության կողքին գտնվելը, կարելի է որակել մեկ նախադասությամբ` սրտացավություն հայրենական խնդիրների նկատմամբ»։ Ըստ փորձագետի՝ բազմիցս շեշտվել է, որ ջավախահայությունը նաև ունի բարոյահոգեբանական մեծ աջակցության կարիք: Բազմիցս հնչել են մտահոգություններ, որ ՀՀ պետական պաշտոնական այրերը քիչ են այցելում տարածաշրջան, իսկ կատարված այցերի մեծ մասն էլ հիմնականում պաշտոնական բնույթի են, և հասարակ ժողովուրդը, բացի քաղաքավարի ժպիտներից, մեկ-երկու վայրկյան պաշտոնյաների դեմքերը նշմարելուց և մի շարք խոստումներից, ուրիշ բան չի տեսնում: «Ներկայումս նույնպես, ելնելով վրացական «անկոտրում» քաղաքականության դառը փորձից, դժվար է հավատալ, որ պարոն Աշոտյանի` Ջավախք այցելությունից հետո, հենց սեպտեմբերի 1-ին տեղում կբացվի հայ-վրացական պետական բուհ, կավելացվեն հայոց լեզվի դասաժամերը, պետական ծրագրերի մեջ կներառվեն «հայոց պատմություն» կամ «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները, վերջապես՝ տարածաշրջանում հայերենը կստանա իրավական կարգավիճակ։ Սակայն մեկ բան հստակ կարող ենք ասել. առաջնահերթորեն և հրատապ է նախևառաջ վերականգնել ջավախահայության բարոյական գիտակցությունը և ազգային ոգին, դրանից հետո տեղի հասարակությունն ինքը կարող է շատ հարցեր լուծել: Ա. Աշոտյանի՝ շատ կողմերով օրինակելի սույն այցը մեծապես ծառայելու է նաև այդ նպատակին»,- համոզված է փորձագետը։ Վահե Սարգսյանի տեղեկություններով՝ ԿԳ նախարարն այսօր այցելելու է Վրաստանի Քութայիս քաղաք, ուր հետևելու է ջավախահայ ուսուցիչների վերապատրաստման ընթացքին, որին մասնակցում է նաև ՀՀ ԿԳ նախարարության կողմից գործուղված մասնագետների խումբը։

No comments: