Tuesday, August 10, 2010

Ո՞Վ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ

«Լրագիր» 10-8-2010- Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել Մանվել Սարգսյանի “Լեռնային Ղարաբաղ. Պատերազմ եւ քաղաքականություն (1990-1993)” գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են ռազմական իրադարձությունները Հայաստանում քաղաքական իրադարձությունների ֆոնին: Ներկայացնելով գիրքը, Մանվել Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում հայ հասարակայնության մեջ նկատելի է պատերազմի տարիների իրադարձությունների հանդեպ հետաքրքրություն, երբ դրվեցին Հայաստանում ու Ղարաբաղում ներկայիս ներքաղաքական սխեմայի հիմքերը: “Շատերն են հարցնում` ի վերջո, ովքե՞ր են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը` թշնամիներ, թե զինակիցներ”, ասել է Մանվել Սարգսյանը, ընդգծելով, որ 2007-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը 1998 թ. Քոչարյանի հետ ընդհատված խոսակցության շարունակությունն էր: Մանվել Սարգսյանի կարծիքով, ներքաղաքական մրցակցությունը Դաշնակցության, որ ղարաբաղում ուներ բավական ամուր դիրքեր, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող կուսակցությունների միջեւ Ղարաբաղում նոր ռազմաքաղաքական ուժ: “Այդ ուժը նախ փլուզեց Ադրբեջանը, հետո էլ Հայաստանը”, նշել է Մանվել Սարգսյանը: Մանվել Սարգսյանը, որ այդ իրադարձությունների անմիջական մասնակիցն էր, ասում է, թե այն ժամանակ որոշումներն ընդունվում էին Ղարաբաղում, դժվար էր, բարդ, սակայն Ղարաբաղն ի վիճակի էր թելադրել: Ներկայում իրավիճակը փոխվել է: Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի վարչապետ նշանակելը հանգեցրեց նրան, որ Ղարաբաղը կորցրեց իրավիճակի վրա ազդելու մեխանիզմները: Ներկայում Ղարաբաղը չկա գործընթացի մեջ, եւ պետք է մտածել այն մասին, թե ինչպես մտնել այդտեղ, գտնում է փորձագետը: “Աշխարհում ամեն ինչ կառուցվում է ուժերի բալանսի վրա, եւ քաղաքականության մեջ չկան փոքր ու մեծ պետություններ: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես կներկայացնես քո գործոնայնությունը”, նշել է Մանվել Սարգսյանը: Նա ընդգծել է, որ անհատի դերն այդ գործընթացում մեծ չի եղել: Ամեն ինչ կախված է հասարակական պահանջարկից: Եւ քանի որ ներկայում այդ պահանջարկը չկա, Ղարաբաղում առաջնորդներ չեն ծնվում: Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նշել է, որ գիրքը ցրել է այն միֆը, թե պատերազմի տարիներին ղարաբաղը միատարր էր քաղաքականապես: “Տաբուն հանված է, եւ հասարակության մեջ թերեւս բանավեճ կսկսվի այն հարցերի շուրջ, որոնց մասին նախկինում ձգտում էին չխոսել”, նշել է Վահրամ Աթանեսյանը:

No comments: