Wednesday, August 11, 2010

Պատգամավոր. Երկարատեւ պատերազմը կքայքայի Ալիեւի ռեժիմը

News.am. 11-8-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարչակազմը պատերազմի վերսկսման դեպքում կարող է դիմանալ հազիվ 4-5 օր, իսկ երկարատեւ պատերազմի դեպքում` այն շատ արագ կփլուզվի: Այս մասին օգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նա քիչ հավանական է համարում ներկայումս Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը, բայց եւ չի բացառում, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ռազմատենրչ հայտարարությունները կարող են հանգեցնել պատերազմի: «Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները նրա ռեժիմին սատարող հասարակության բազային հատվածի մոտ, որը հիմնականում բաղկացած է երիտասարդներից, ովքեր լավ չեն հիշում պատերազմի արդյունքները, առաջացրել է լուրջ մտահոգություն, թե ինչո՞ւ չենք պատերազմում, ինչքա՞ն կարող է երկրի նախագահը հայտարարություն անել ու պատերազմ չսկսել»: Հենց այս հանգամանքն էլ, ըստ Խաչատրյանի, կարող է դրդել Ալիեւին՝ պատերազմ սկսել: Խաչատրյանի խոսքով՝պատերազմի վերսկսմանը Հայաստանը պատրաստ է, սակայն մեր երկրին հնարավոր է անակնկալի բերի Ադրբեջանի կողմից պատերազմի սկսման հանկարծակիությունը՝ կայծակնային պատերազմը, որի միջոցով էլ, ըստ պատգամավորի, Ալիեւը հույս ունի հաջողություններ արձանագրել: Այս հանգամանքը նկատի ունենալով, ըստ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցչի, հնարավոր է՝ Ադրբեջանի կողմից առաջին ռմբակոծման դեպքում Ստեփանակերտում ապրող քաղաքացիների շրջանում մեծ կորուստներ արձանագրվեն:

No comments: