Friday, September 24, 2010

Ահմադինեժադն առաջարկում է 2011թ. հայտարարել միջուկային զենքի դեմ պայքարի տարի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 65–րդ նստաշրջանում իր ելույթում քննադատել է բոլոր նրանց, ովքեր ատոմային էներգիան հավասարեցնում են միջուկային զենքին։
«Ատոմային էներգիան ամենամաքուրներից է, իսկ միջուկային ռումբը՝ ամենաանմարդկային զենքը։ Իրանը կոչ է անում միջազգային հանրությանը ի գիտություն ընդունել, որ միջուկային ռումբ ունեցող տերությունները հավասարեցրել են ատոմային զենքը և ատոմային էներգիան և ՄԱԳԱՏԷ–ի վրա ճնշում են գործադրում մեր միջուկային ծրագրի հարցում»,–հայտարարել է Ահմադինեժադը՝ ավելացնելով «Ես ուզում եմ 2011թ. հռչակել միջուկային զենքի դեմ պայքարի տարի»։
Նա խիստ քննադատություն է հնչեցրել ՄԱԿ անվտանգության խորհրդի հասցեին.
«Անվտանգության խորհուրդը քննադատում և սպառնում է այնպիսի հզոր ժողովրդի, ինչպիսին պարսիկ ժողովուրդն է, որը հայտնի է իր պատմությունով, մշակույթով և հին մտածողներով»,– ասել է նա։
Ահմադինեժադը քննադատել է նաև Ղուրանը հրապարակավ այրելու փաստը. «Ամբողջ աշխարհը վկա եղավ Ղուրանի այրմանը։ Նրանք այրեցին Ղուրանը, որպեսզի այրեն ճշմարտությունը, բայց Ղուրանը հավերժ է», – ասել է Ահմադինեժադը՝ հայտարարելով, որ ինքը գնահատում է բոլոր սուրբ գրքերը։
Իսկ ԱՄՆ ներկայացուցիչները լքել են դահլիճը այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ սեպտեմբերի 11–ի ահաբեկչության ետևում կարող են կանգնած լինել հենց ամերիկյան իշխանությունները՝ դրանով երաշխավորելով Իսրայելի գոյությունը և փրկելով իրենց երկիրը տնտեսական անկումից։
Ահմադինեժադը քննադատել է նաև ԱՄՆ–ին՝ Աֆղանստանում և Իրաքում պատերազմի համար։

No comments: