Monday, September 6, 2010

ՀՀԿ. Մինսկի խմբի անհասցե հայտարարություններն ավելի են ոգեշնչում Բաքվին դիվերսիաներ կազմակերպելիս

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ միջազգային հանրության անհասցե հայտարարությունները, որ դատապարտում են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմների խախտումները, ավելի են ոգեւորում Բաքվին դիվերսիոն գործողություններ կատարելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունները:
«Իհարկե, փաստը, որ ԵԱՀԿ ՄԽ-ն դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, կարելի է դրական գնահատել, բայց այն, որ այդ հայտարարություններն անհասցե են, զրկված են արդյունավետությունից: Անհասցե հայտարարությունները որեւէ կերպ չեն նպաստում ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազմանը եւ շփման գծում Ադրբեջանի դիվերսիոն գործունեության դադարեցմանը: Ժամանակն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու միջազգային հանրությունը իրենց հայտարարություններում հստակ հասցեատեր նշեն եւ իրենց գնահատականները տան Ադրբեջանի սադրիչ գործողություններին»,- ասել է Շարմազանովը:

Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն այսօր հանդես է եկել նոր հայտարարությամբ, որում նշել է, թե միջնորդները առաջիկա ամիսներին ակտիվանալու հույս ունեն: Ակտիվ գործունեության փուլում համանախագահները կոչ են անում բոլոր կողմերին՝ խստորեն հետեւել հրադադարի մասին պայմանագրին, տեղերում զսպվածություն ցուցաբերել, ջանք չխնայել փոխզիջման ոգու ամրապնդման համար, որն անհրաժեշտ է առաջընթացի հասնելու համար, զերծ մնալ բացասական բնույթի հրապարակային հայտարարություններից, ինչպես նաեւ լուրջ երկխոսություն սկսելու համար համոզիչ քաղաքական կամք ցուցադրել:

Ինչպես նշվում է հայտարարությունում, ի պատասխան ճակատային գծի երկայնքով վերջին միջադեպերի՝ համանախագահները վճռականորեն դատապարտում են հրադադարի պայմանագրի յուրաքանչյուր խախտում, մասնավորապես շփման գծի հատմամբ յուրաքանչյուր ներխուժում,ափսոսանք են հայտնում են մարդկանց անիմաստ մահվան համար, ինչպես նաեւ հիշեցնում Ալմաթիում երկու երկրների նախարարների հայտարարության մասին, ըստ որի՝ ուժի կիրառումը բարդացնում է իրավիճակը եւ կարող է հանգեցնել ընդամենը տառապանքների, եւ ավերածությունների, իսկ հակամարտության եւ թշնամանքի հետեւանքները կզգան հաջորդ սերունդները:

No comments: