Wednesday, September 15, 2010

Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը կապ չունի մեր ժողովրդի դրսևորած կամքի հետ. Աշոտ Մանուչարյան

Tert.am. 15-9-2010- «Երկար տարիներ է՝ մենք չունենք սեփական քաղաքականություն։ Մեր քաղաքականությունը զուտ արձագանքն է ուրիշների առաջարկվող գործառույթների, որոնց նպատակները և շահերը կապ չունեն ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի և ոչ էլ, ճիշտն ասած, Ադրբեջանի ժողովուրդների նպատակների և մղումների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։
Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ մարդիկ արդեն սկսում են հասկանալ այդ իրավիճակը և մտածել ինչ-որ ինքնուրույն քայլեր անելու մասին։
«Այն, ինչ կատարում են այսօրվա աշխարհակալ ուժերը, եթե դա դրական լիներ, աշխարհն այս վիճակի չէր լինի։ Այսինքն՝ նրանք չունեն հարցերի լուծման բանալիները, բայց շարունակում են թելադրել։ Այսօր անկախության դրսևորումը խիստ կարևոր է»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով Հայաստանում ոուսական ռազմաբազայի ժամկետի երկարացման համաձայնագրին՝ Մանուչարյանը նշեց, որ մենք Ռուսաստանի հետ գտնվում ենք անհավասար վիճակում։ «Ռուսաստանն ունի կամքի կենտրոն, որը թույլ է տալիս խոսել Ռուսաստանի ինչ-որ ինքնուրույն գործունեության, քաղաքականության մասին։ Հայաստանը չունի դա և չունենալու դեպքում Հայաստանը վերածվում է տարածքի, որտեղ տարբեր երկրներ փորձում են իրականացնել իրենց շահերը։ Ռուսաստանն այդ երկրներից մեկն է, որը կատարում է իր շահերից բխող քայլեր»,- մեկնաբանեց նա։
Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը, ըստ Մանուչարյանի, որևէ կապ չունի Հայաստանի և մեր ժողովրդի դրսևորած կամքի հետ։ Այդ գործընթացը նույնպես, ըստ Մանուչարյանի, մեզ առաջարկվեց աշխարհակալ ուժերի կողմից, որոնք փորձում են ձևավորել այնպիսի աշխարհ, որն իրենց ավելի ձեռնտու է։
«Ես համարում եմ, որ այս ամբողջ գործընթացն արատավոր է։ Այն ինչ եղել է մեր և Թուրքիայի պատմության մեջ, թույլ չի տալիս այդպիսի էժանագին լուծումների դիմել»։

No comments: