Թուրքիան առաջին հերթին վախենում է քրիստոնեացումից: Այդ մասին սեպտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է թուրք փորձագետ, լրատվամիջոցների եւ քաղաքականության հարցերով մասնագետ, Իզմիրի տնտեսական համալսարանի դասախոս Զաֆեր Յորուքը: Նրա խոսքով, թուրքական հասարակությունը բաժանվել է երկու մասի. վերնախավի, որ իսլամամետ կուրսի ջատագովն է, եւ մյուսների, ովքեր պայքարում են դրա դեմ: «Դա է պատճառը, որ թուրքական կառավարությունը ճնշում է կրոնական փոքրամասնություններին: 19-րդ դարում հայկական եւ հունական փոքրամասնությունները չափից դուրս մեծ ուշադրություն էին հրավիրում, եւ իշխանությունները իրապես վախենում էին, որ Թուրքիան քրիստոնեական երկիր կդառնա»,- նկատել է նա: Փորձագետը նաեւ անդրադարձել է Սեւրի պայմանագրին՝ այն Թուրքիայի պատմական սարսափ որակելով: «Ժամանակին Աթաթուրքը, գտնվելով Կիլիկիայում, ասել էր. «այս հողերում հայերը տեղ չունեն, դրանք եղել, կան եւ կմնան թուրքական», սակայն Սեւրի պայմանագիրը լուրջ սպառնալիք է նրա խոսքերի իսկության համար: Թեեւ այն չի վավերացվել, այդուհանդերձ սպառնալիք է, եւ դրա մասին Թուրքիային պարբերաբար հիշեցնում են»,- ընդգծել է Զաֆեր Յորուքը: Նշենք, որ Սեւրի պայմանագիրը ստորագրվել է 1920թ. օգոստոսի 10-ին եւ ենթադրում է հայկական պետության կազմում ներառել Արեւմտյան Հայաստանի վեց վիլայեթները, որի արդյունքում Հայաստանը մուտք էր ստանում դեպի Սեւ ծով: Պայմանագիրը, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեց:
Saturday, September 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment