Sunday, September 5, 2010

Թուրք փորձագետը տպավորված է Հայոց ցեղասպանության թանգարանով

News.am. 4-9-2010- Թուրք փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, Իզմիրի տնտեսագիտական համալսարանի դասախոս Զաֆեր Յորուքն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր ՝ հարգանքի տուրք մատուցելով Օսմանյան Թուրքիայում սպանված 1,5 մլն հայերի հիշատակին։ Այնուհետեւ Յորուքն ուղեւորվել է Ծիծեռնակաբերդի թանգարան, որտեղ հավաքված եւ ներկայացված են անցած դարասկզբի արյունոտ կոտորածի պատմական փաստերը։ Հյուրին պատմել են նմուշների մասին, ծանոթացրել թանգարանի պատմության հետ։ Յորուքը հետաքրքրությամբ ծանոթացել է ներկայացված փաստաթղթերի հետ, երկար ժամանակ կանգնել դրանցից մի քանիսի մոտ, ակտիվորեն զրուցել էքսկուրսավարի հետ։ Էքսկուրսիայի ավարտին թուրք հյուրին ուղեկցող էքսկուրսավար Ասյա Դարբինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ Զաֆեր Յորուքը շատ հաճելի հյուր է։ «Մենք մինչ այժմ էլ Թուրքիայից հյուրեր ենք ունեցել, սակայն պրն. Յորուքը առավել հանդուրժող եւ տոլերանտ էր։ Նա, ի տարբերություն ոմանց, հետաքրքրվում էր նյութերով, հարցնում էր այս կամ այն բանի մասին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ թուրք փորձագետը լավ տեղեկացված էր։ «Շատ բան նա ինքը գիտեր»,- ընդգծեց Դարբինյանը։ Զաֆեր Յորուքն էքսկուրսիայից հետո իր տպավորություններով կիսվեց NEWS.am-ի թղթակցի հետ։ «Ես երբեք նմանօրինակ ոչինչ չեմ տեսել. Ցեղասպանությանը նվիրված այսպիսի թանգարան։ Կարեւոր է այն, որ այստեղ շատ են փաստաթղթերը, դա իրապես տպավորում է»,- հայտարարեց թուրք փորձագետը՝ ավելացնելով, որ ամենաշատն իրեն դուր է եկել քարե, «Արդարություն» հպարտ անունը կրող ցուցանմուշը։

No comments: