Monday, September 20, 2010

Աղթամարի պատարագին ավելի շատ հայաստանցի է մասնակցել, քան սպասում էր Պոլսո պատրիարքարա՞նը

News.am. 20-9-2010- Պոլսո Հայոց պատրիարքարանի հաշվարկներով, Աղթամար կղզու Սուրբ Խաչում սեպտեմբերի 19-ին կայացած պատարագին մասնակցելու համար, ընդհանուր առմամբ, Աղթամար կղզի է այցելել 6700 մարդ, որոնցից կեսից ավելին եղել են Վանի նահանգի բնակիչները:
Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ պատարագին մասնակցել է 700 ստամբուլահայ, ինչպես նաեւ ԱՄՆ-ից եւ Եվրոպայից ժամանած հայեր:
«Հայաստանից ժամանած մասնակիցները, ավելի շատ էին, քան մենք սպասում էինք: Պատարագին ներկա էր մոտ 150-200 հայաստանցի, իսկ պատարագին մասնակցող հայերի ընդհանուր թիվը կազմել է 1000-1500 մարդ»,-նշեց Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում գրեթե հարյուրամյա դադարից հետո պատարագ է մատուցվել: Թուրքական իշխանությունները, սակայն, խաչ չեն տեղադրել եկեղեցու գմբեթին: Խաչը բերվել եւ տեղադրվել է եկեղեցու հարեւանությամբ: Դա պատճառ է դարձել, որ բազմաթիվ հայեր հրաժարվեն այցելել կղզի: Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն հայտնել է, որ Վան այցելելու ցանկություն հայտնածների 90 տոկոսը հրաժարվել է իր մտքից՝ խաչը չտեղադրելու որոշումից հետո:
Հատկանշական է, որ հայ լրագրողների մի խումբ պատարագի ժամանակ փայտե խաչեր է բարձրացրել ի նշան բողոքի` խաչը չտեղադրելու որոշման դեմ:
Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ավարտված պատարագին մասնակցել է միայն Պոլսո Հայոց պատրիարքարանը: Հոգեւոր մյուս կենտրոնները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն է: Հարկ է նշել, որ նույն պատճառով կրոնական արարողությանը հրաժարվել են մասնակցել նաեւ հայ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ, չնայած նրանց Թուրքիայի վարչապետն անձամբ է հրավիրել պատարագին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարել են, որ քանի դեռ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվել, եկեղեցին վերականգնված համարել չի կարելի:

No comments: